Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համբերատար եմ, եւ այս գիծն է օգնականս Հովեյան ընտանիքում»

Ապրիլ 20,2016 14:30

Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանը՝ ստեղծագործականի եւ անձնականի մասին

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված «Պրեմիերա» խորագրով շարքի հերթական երեկոն, որի ընթացքում առաջին բաժնում բացառապես հնչեցին կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Միջոցառման նախաձեռնողը Կոմպոզիտորների միությունն էր:

Վարդ Մանուկյանի հեղինակած երկերի թվին են պատկանում «Վահագնին» օրատորիան, «Մրրկահավ» (խոսք՝ Վ. Տերյանի), «Հաղթական» պոեմները, նա հեղինակ է նաեւ կվինտետի՝ ձայնի եւ անսամբլի համար, տրիպիխի՝ ձայնի եւ լարային քառյակի համար, ունի սոնատ թավջութակի եւ դաշնամուրի համար, Սեւակի խոսքերով՝ «Դու չկաս» վոկալ շարք, ինչպես նաեւ միջնադարյան տաղերի դաշնակումները ձայնի եւ դաշնամուրի համար, էստրադային երգեր եւ այլն: Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ ալտահար Վաչե Հովեյանի կատարմամբ հնչեց կոմպոզիտորի «Սասունցիներ» ռապսոդիան, «Խոստովանություն» սիմֆոնիան ու Ալտի, ջութակի եւ դաշնամուրի կոնցերտը: Վերջին ստեղծագործության կատարման ժամանակ ալտահարին եւ նվագախմբին միացավ գերմանաբնակ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը: Փաստենք, որ երեք ստեղծագործությունն էլ մատուցվեց բարձրարվեստ: «Սասունցիներում» հեղինակը օգտագործել էր նաեւ հենց սասունցիների ֆոլկ երաժշտությունից հայտնի «Մշո խըռ», «Օրոր» եւ այլ ստեղծագործություններ, իսկ «Խոստովանություն» սիմֆոնիան, որը բաղկացած էր 3 ենթաբաժնից, լսվեց մեծ հետաքրքրությամբ: Մեզ հետ զրույցում Վարդ Մանուկյանն ասաց, որ այդ ստեղծագործության երրորդ ենթաբաժինը գրելիս ազդվել է Կոմիտասի «Աղոթք» բանաստեղծությունից: Ինչ վերաբերում է Ալտի, ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտին, մեզ մոտ այն հնչեց առաջին անգամ, իսկ պրեմիերան կայացել է 2014թ. Գերմանիայում:

Վարդ Մանուկյանը իր անհատական ստեղծագործությունների CD դեռեւս չունի, բայց լայն լսարանին հայտնի են նրա էստրադային երգերը Շուշան Պետրոսյանի, Էմմա Պետրոսյանի կատարմամբ, որոնք տեղ են գտել այլոց CD-ներում: Փոխարենը կոմպոզիտորն ունի խմբերգային ու վոկալ ստեղծագործույթունների ժողովածու: Ժամանակին երաժշտագետների հետ զրույցներում նրանք մշտապես նշել են տիկին Մանուկյանի առանձնահատուկ սերը դեպի խմբերգային եւ վոկալ ժանր: Ի դեպ, 2008թ. Ավստրիայում Չարենցի տեքստով գրված կոմպոզիտորի խմբերգային երկը արժանացել է հատուկ մրցանակի: Ի հակադրություն երաժշտագետների, կոմպոզիտորը հայտնեց, որ, ճիշտ է, պոեզիա շատ է սիրում, բայց որպեսզի, մանավանդ արտասահմանում, տեղ հասցնես ասելիքդ, պետք է այն լինի գործիքային երաժշտություն: Հետո էլ շատ հակիրճ ու դիպուկ հավելեց. «Խաչատրյանի նման հանճարը չանդրադարձավ օպերային ժանրին…»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ավելի քան 3 տասնամյակ ապրում եք բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ եւ նման հայտարարությո՞ւն եք անում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խոսքս վերաբերում է մեծակտավ ստեղծագործությանը, ինչպիսին օպերան է: Վոկալ շարքեր ունեմ մեր դասականների խոսքերով, Հովեյանի տողերով գրել եմ «Բալենի» եւ «Աշնան երգեր» խմբերգերը: Նոր շարք էլ եմ գրել ամուսնուս խոսքերով, այն կրում է «Կապույտ գիշեր» խորագիրը: Ընդ որում, ուսանողներիս էլ եմ հորդորում հնարավորինս ստեղծագործել գործիքային երաժշտություն»:

Դիտարկմանը, թե կարելի է պատկերացնել ձեր վիճակը ընտանիքում, որտեղ ընտանիքի հայրը բանաստեղծ Հովիկ Հովեյանն է, զավակները՝ ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահարուհի Շողեր Հովեյանը եւ ալտահար Վաչե Հովեյանը, կոմպոզիտորը հայտնեց. «Իմ էությամբ համբերատար եմ: Մտածում եմ հնչյունով, հոգեվիճակներս էլ կապված են հենց հնչյունի հետ: Նույնկերպ ապրում է ամուսինս: Նա էլ յուրաքանչյուր բառի հանդեպ շատ խիստ վերաբերմունք ունի… Ընդ որում, զավակներս էլ իրենց արվեստում բծախնդիր են… Այո, համբերատար եմ, գուցե բնավորության այս գիծն է օգնականս ընտանիքում»:
Հարցին, թե տարօրինակ է, որ մշակույթի նախկին նախարարի տիկինը գոնե անցած հոբելյանի առիթով, թեեւ երբեք ուշ չէ, չարժանացավ որեւէ պետական պարգեւի, ասենք՝ արվեստի վաստակավոր գործչի կոչման, Վարդ Մանուկյանն ասաց. «Մտքովս անգամ չի էլ անցել: Ինձ համար ամենամեծ կոչումը նվագախմբի արտիստների եւ ընդհանրապես երաժիշտների շնորհակալական, երախտագիտական խոսքն է»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930