Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկը եւս խրամատներում էր ու հաղթանակեց տղաների փոխարեն

Ապրիլ 20,2016 14:00

Նորվեգիա: Ծանրամարտի աշխարհի առաջնություն: Հեռուստացույցի մեծ էկրանին իրար են հաջորդում լրջադեմ, պրկված մկաններով ու ազդեցիկ մարմիններով մարմնամարզիկներ: Նրանք կանայք են: Առաջին հայացքից թվում է, թե կանացիությունը նրանցից փախել ու կողպվել է յոթ սարից այն կողմ: Նրանք երեւի ունակ են, ասենք, մի 100 կիլոգրամանոց տղամարդու վեր բարձրացնել, ապա գետնով տալ: Կարո՛ղ են: Հայացքս տխուր հեռացնում եմ էկրանից, որովհետեւ չեմ կարող նայել նրանց: Ոչ մի բանի չեմ կարող նայել: Հայացքիս առջեւ օրերս զոհված երիտասարդ տղաներն են, որ նահատակվեցին հայրենի հողը պաշտպանելու համար: Վստահ եմ՝ նրանց մտքում մոր, սիրած աղջկա կամ քրոջ պատկերն է եղել ոսոխին հետ մղելիս:

Նրանցից ոմանք ընկերոջը կոչ են արել հետ գնալ-փրկվել՝ իրենց վրա վերցնելով մարտը, մյուսը չի սպասել ուժերի համալրմանն ու առաջ ընթացող տանկ պայթեցրել՝ գիտակցաբար ընդառաջ գնալով մահվան, այն մյուսը թողել է մոտենա արնախումը, որ ոչնչացնի նրան իր տեխնիկայով հանդերձ՝ նռնակի հետ ինքն էլ պայթելով, բայց կասեցնելով հարձակվողի առաջխաղացումը… Նրանց մի մասը անհետ կորել են, ապա վերադարձվել մանրամասնորեն անդամահատված ու գլխատված, որպես մարմին անդամահատող, 21-րդ դարի գենետիկորեն բարբարոսի հրճվանքի արտահայտություն… Չեմ կարող նայել այդ երիտասարդ տղաների ժպտուն աչքերին, որովհետեւ նրանք պիտի դեռ սիրահարվեին, երազեին, ընտանիք կազմեին… Գիտակցում եմ, որ նրանք կատարել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը, չէ՞ որ զինվորը երդվում է անհրաժեշտության դեպքում կյանքը չխնայել հայրենիքի համար: Իսկ ե՛ս ինչպես հատուցեմ իմ պարտքը նրանց հանդեպ, ի՞նչ անեմ ե՛ս նրանց թանկ զոհաբերության դիմաց, ինչպե՞ս խաղաղվեմ:

Հայացքս ցավով հեռացնում եմ համակարգչի էկրանից ժպտացող պայծառ տղաների դեմքերից ու ակամա հառում հեռուստաէկրանի դյուցազնուհիներին: Երիտասարդ անգլուհին՝ անհոգ ժպիտով, գեղեցիկ հոժարությամբ ապահովեց Եվրոպայի չեմպիոնի երրորդ տեղն ու ավարտեց իր գործը: Բելառուս աղջիկը անզիջում մտահոգությամբ պայքարում է չեմպիոնի տիտղոսի համար: Սա էլ Նազիկ Ավդալյանն է. նա 2008-ին արդեն ճանաչվել էր Եվրոպայի չեմպիոն, բայց ավտովթարից հետո ենթարկվել ծանր վիրահատության եւ լքել մեծ սպորտը: Ահա նա ծանրաձողի առջեւ է. մեծագույն կենտրոնացում, լարում եւ… Նազիկ Ավդալյանը Եվրոպայի չեմպիոն է: Ծանրաձողը վայր գցելուց հետո, ասես անհամբեր դրան էր սպասում, տեսախցիկի առջեւ շնչակտուր արտաբերում է. «Այս հաղթանակս նվիրում եմ Արցախում կռվող մեր տղաներին: Մենք ձեզ հետ ենք…»: Հայացքս անմիջապես ուղղում եմ համակարգչի էկրանից ժպտացող տղաներին: Այս անգամ արցունքներս հոսում են ուրախությունից նույնքան հորդաբուխ, որքան Նազիկի խոսքն էր: Այս աղջիկը, փաստորեն, կռվի էր ելել, այս աղջիկը, փաստորեն, խրամատներում էր ու հաղթանակեց այս տղաների փոխարեն, իմ փոխարեն, հանուն արդարության ու հայրենիքի:

Քո անկեղծ պոռթկումը ինձ՝ փխրունիս, դարձրեց քեզ պես ամուր, ինչպես որ քո ազնիվ մղումն ու նվիրումը քեզ դարձրին ամենականացին ու քնքուշը: Հիմա աչքիս առջեւ դարերի խորքից հառնեցին մեր թագուհիները, որ ամուր կանգնել են իրենց տղամարդկանց կողքին ու ոգեւորել նրանց, փափկասուն տիկնայք, որ զոհաբերել են իրենց աննման զարդերը՝ զենք ձեռք բերելու համար, աչքիս առաջ եկավ միջնադարյան հերոսուհի Այծեմնիկը՝ պաշարող քոչվորների դեմ իր Անիի համար կռվելիս, գիր ու գրականություն պաշտող մեր կանանց, որ գաղթի ճանապարհին թողեցին իրենց բեռները, բայց փրկեցին մեծ գիրքը՝ իրենց մեջքներին կապած այն տեղ հասցնելով… Նազիկի բարձրացրածը միայն 132 կգ ծանրաձողը չէր, այս ժպտուն տղաների հերոսական սխրանքն էր, հայության արդար պայքարն էր իր դարավոր օրրանը իրենից հափշտակողների դեմ: Ո՛չն էր ընդդեմ ոճրագործության ու պատմության կեղծարարության: Ո՛չը բռնության ու այն հանցագործի դեմ, ով ազգային հերոս է հռչակում քնած մարդուն կացնահարելու համար, վերջապես նա իր գլխից բարձր պահել էր 1,5 մլն մարդու ցեղասպանությունը, որը չունի վաղեմություն, քանի դեռ անպատիժ է բարբարոսը: Շնորհակալ եմ, Նազի՛կ Ավդալյան, որ օգնեցիր ինձ նայել մեր հերոս տղաների աչքերին, որովհետեւ նրանք անմահ են այլեւս ու հավերժի ճամփորդ, որովհետեւ մարդը իր արած գործով է մնում, իսկ նրանք արեցին իրենց բաժին առաքելությունը, ինչպես եւ ժողովուրդն է անմահ, որն առաքելություն ունի կառուցելու, արարելու ու բուժելու, սովորելու ու արվեստ ստեղծելու, որքան էլ որ գենետիկորեն վայրենի քոչվոր ցեղերը հրճվում են արարող տեսակը ոչնչացնելուց: Քո վնասված ողնաշարդ կոփելով, ամրացրիր նաեւ իմ ու իմ նմանների ողնաշարը, որոնցից էլ հայրենիքիս ողնաշարն է ամրանալու: Շնորհակալ եմ, քեզ, քո՜ւյրս:

 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930