Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանից կպահանջվի 300, Նազիկ Ավդալյանից՝ 260 կիլոգրամ արդյունք

Ապրիլ 20,2016 13:30

Հայաստանի ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց հավաքականները նախորդ լուսադեմին Նորվեգիայից վերադարձան Երեւան

«Զվարթնոց» օդանավակայանում «Առավոտը» զրուցեց Եվրոպայի թիմային չեմպիոն կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:

-Պարոն Ներսիսյան: Մեր կանանց թիմը, փաստորեն, պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայում ուժեղագույնի տիտղոսը: Հետեւաբար, պետք է որ գոհ լինեք աղջիկների մասնակցությունից:

-Մեր ժողովուրդը եւ աշխարհը տեսավ, որ Հայաստանում հնարավոր է կանանց ծանրամարտը զարգացնել եւ հասցնել եվրոպական ու աշխարհի մակարդակի: Այսօր աշխարհի շատ երկրներում պրոֆեսիոնալ ծանրամարտով զբաղվող կանանց եւ տղամարդկանց թվաքանակը գրեթե հավասարվել է: Նայեք աշխարհի քարտեզին: Մեր մոտ դեռ այդպես չէ: Ընտրության խիստ սակավ հնարավորություն ունենք: Մենք մեր ունեցածով գնում ու չեմպիոն ենք դառնում: Գնում ենք երեք մարզուհով՝ բոլորն էլ չեմպիոն, կամ գոնե երկուսը մրցանակակիր են դառնում, յոթը արդեն նորմալ թիվ է նաեւ թիմային հաղթանակի համար: Անհրաժեշտ է հետեւից եկողներ ունենալու մասին էլ լրջորեն մտածել:

Մենք ունենք տաղանդավոր շատ աղջիկներ ու նրանցով զբաղվել է պետք: Հարկավոր է աղջիկների նոր հավաքագրում կազմակերպել ու մարզերում նրանց հետ լուրջ աշխատել: Մի բան, որ առայժմ այնքան էլ այդպես չէ: Տեղերում մարզիչները մտածում են, թե ասենք հինգ աղջիկ հավաքագրելով՝ նրանք կգան հավաքական ու հավաքականի մարզիչները նրանց զրոյից աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ կսարքեն: Բայց այդպես չի լինում: Եթե այդպես լինի, հավաքականի կազմը կդառնա 30-40 կամ 50 հոգի: Մարզերում պետք է այնպիսի ծանրորդներ աճեցնեն, որոնք մինչեւ հավաքական հրավիրվելը գոնե 80 տոկոսով պատրաստ լինեն, եւ միայն այստեղ կատարելագործվելով կարողանան չեմպիոն կամ մեդալակիր դառնալ: Այսինքն, հավաքականում պետք է քանակից որակ ընտրվի: Գուցե ասելն ավելորդ չի լինի ու արդեն քանի անգամ ապացուցել ենք, որ եթե հումք կա, մենք կարող ենք ուժեղ մարզուհիներ պատրաստել: Երեւի անհրաժեշտ է նախարարության հետ միասին հավաքվել ու մտածել մարզերում ծանրամարտով զբաղվող աղջիկների խմբաքանակներն ավելացնելու եւ խթանելու ձեւեր գտնելու մասին: Աղջիկների համար ծանրամարտով զբաղվելն անպատվաբեր գործ չէ: Պարզապես, ինչպես մյուս բոլոր մարզաձեւերում, հարկավոր է քրտնաջան աշխատել ու մարզվել:

-Ասացիք՝ եկող սերնդի մասին պետք է մտածել: Բայց արդեն ունենք Արփինե Դալալյան:

-Արփինեն ընդամենը 17 տարեկան է ու արդեն բարձրացնում է 130 կիլոգրամը: Ունենք նաեւ Քրիստինե Պետրոսյան: Բայց դա քիչ է: Նրանց հետեւից եկողների մասին էլ է պետք մտածել:

– Հռիփսիմե Խուրշուդյանին Եվրոպայի չեմպիոնի կոչումն այս անգամ համեմատաբար հեշտ տրվեց: Դա Տատյանա Կաշիրինայի բացակայության հետ կապված չէ՞ր: Եվ խոսեք նաեւ Նազիկ Ավդալյանի հրաշագործության մասին:

-Բնականաբար, այդպես է: Ամեն անգամ Կաշիրինան է ժպիտը դեմքին հաղթում: Հիմա էլ մենք հաղթեցինք: Հռիփսիմեն շատ տաղանդավոր է: Բայց նա քաշի խնդիր ունի. ոչ թե գցելու, այլ ավելացնելու: Մարզիչներս ամեն բան անում ենք՝ չի ստացվում: Գեներն են, հավանաբար, պատճառը: Եթե Հռիփսիմեի անձնական քաշը բարձրանա գոնե 100 կգ, արդեն նաեւ Կաշիրինայի, չինացու հետ կռիվ տալն էլ հետաքրքիր կդառնա: Օլիմպիական խաղերում, կարծում եմ, Հռիփսիմեից կպահանջվի մոտավորապես 300 կգ (նա 294 կգ գրանցել է):

Ինչ վերաբերում է Նազիկին, հասկանում եմ ակնարկը: Նա ողնաշարի ոչ մի խնդիր չունի: Պատկերավոր ասած՝ Նազիկի ողնաշարը հիմա շատ ավելի ամուր է, քան իմն ու ձերը: Նրան էլ Ռիոյում հարկավոր է լինելու երկամարտի մոտ 260 կգ արդյունք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930