Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատելությունն աշխարհում շատացել է». Դավիթ Զարդ

Ապրիլ 19,2016 23:20

2017 թվականի աշնանը Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի կունենա «Ամեն» երաժշտական, դրամատիկական ներկայացման առաջնախաղը:

Այն նվիրվում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցած ու այսօր էլ շարունակվող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:

«Ամեն», որովհետև այս բառի իմաստն ընկալելի է աշխարհի բոլոր լեզուներում»,- «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ծրագրի երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը:

Սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանի խոսքով՝ հայ ժողովրդի ծագման, հավատքի, հոգևոր ու մշակութային արժեքների մասին պատմող ներկայացման նպատակն է ցույց տալ, որ, չնայած մեր ողբերգական կորուստներին ու փորձություններին, մենք կարողանում ենք ապրել, սիրել, ստեղծագործել. «Մենք ներկայանում ենք մեր ամենաարժեքավոր զենքով՝ հազարամյակների հարուստ մշակույթով: Աշխարհը մեզ պետք է այս տեսանկյունից ճանաչի»,- ասաց Էդուարդ Այանյանը:

«Ամեն»-ի իտալացի պրոդյուսեր Դավիթ Զարդի կարծիքով, սա հրաշալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանն իր պատմությամբ ու հարուստ մշակույթով:

«Խոսելով ցեղասպանության մասին՝ մենք խոսելու ենք հանդուրժողականության մասին, որի պակասի արդյունքում այսօր աշխարհում տեղի են ունենում նոր ցեղասպանություններ: Ցավոք, աշխարհում շատացել է ատելությունը»,- հավելեց նա:

Վերոնայից հետո «Ամեն»-ը կներկայացվի աշխարհի խոշորագույն քաղաքներում՝ Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն:

Ներկայացման մեկնարկի համար իտալական քաղաքի ընտրությունը Դավիթ Զարդը համարում է լավ առիթ՝ երկու հազար տարվա պատմություն ունեցող Վերոնայից խոսելու ևս շատ հին ազգի պատմության մասին:

Բեմադրող, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ օտարը տեսնի, թե հայը որտեղից է գալիս, ինչ առաքելություն ունի և ուր է գնում. «Այս ճանապարհին պետք է ցույց տանք, որ եղել են և՛ ջարդեր, և՛ պատերազմներ, բայց ոչ թե դրանք են մեր ազգի համար վճռորոշը եղել, այլ այն, որ մենք կանք ու լինելու ենք»,- ընդգծեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930