Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ ասվում է․ «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձևաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատև և արդար կարգավորում։
Հետևաբար, մենք կոչ ենք անում հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը՝ չխարխլել նրանց մանդատը և չբարդացնել ընթացող բանակցությունները։
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ձեռնարկել վճռական քայլեր և ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009թ․-ից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։
Կարդացեք նաև
Մենք կիսում ենք հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված մտահոգությունները։ Ծանր զինտեխնիկայի կիրառումը, ինչպիսիք են ականանետերն ու հրթիռները, անընդունելի են և լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, որոնց թվում են նաև խաղաղ բնակիչները։
Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդմանն ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաև 1994թ․-ի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը և կստեղծեն խաղաղ բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ»։
Նշենք, որ այս գրավոր հայտարարության տակ ստորագրել է ԵԽԽՎ 44 պատգամավոր։