ilur.am ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի (ALDE) ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:
«Հարգարժան Վեհաժողով
Ապրիլի 2-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչը պատերազմական առաջին լուրջ պոռթկումն էր` 1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարների միջեւ ստորագրումից ի վեր հիմնականում պահպանված զինադադարից հետո: Քառօրյա պատերազմը հակամարտության երկու կողմերից մարդկային կյանքերի մեծ կորուստների պատճառ է դարձել եւ մեծապես վտանգել տարածաշրջանի անվտանգությունը:
Ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը` Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրել է իր անսահման արհամարհանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի (այն մարդկանց, որոնց նրանք համարում են Ադրբեջանի քաղաքացիներ)` անվտանգության պայմաններում ապրելու եւ սեփական ճակատագիրը ազատորեն որոշելու իրավունքների հանդեպ:
Կարդացեք նաև
Դա հենց այն է, ինչի պատճառով էլ այս հակամարտությունն առաջացավ ի սկզբանե:
Երբ Լեռնային Ղարաբաղը օրինական ճանապարհով Ադրբեջանից անկախանալու որոշում ընդունեց, այդ թվում` 1988 թվականին իր խորհրդարանի որոշմամբ եւ 1991 թվականի անկախության մասին հանրաքվեով, դրան հետեւեցին այդ ինքնորոշումը էթնիկ զտումների և ջարդերի ու ռազմական գործողությունների միջոցով ճնշելու Ադրբեջանի գործողությունները:
1991 թվականին Ադրբեջանը համագործակցելով խորհրդային զորքի հետ` Լեռնային Ղարաբաղի 24 գյուղերից տեղահանել է հայ բնակչությանը, իսկ 1992 թվականին Ստեփանակերտի անհամաչափ ռմբակոծությունը ավելի քան հազար մարդկային կյանքեր է խլել: Հենց նման գործողություններին էլ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նրա շուրջը անվտանգության գոտի են ստեղծել:
Խաղաղ կարգավորման ներկայիս ծրագիրը, որը ներկայացվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, որը պետք է արտահայտվի դրա վերջնական կարգավիճակի հարցով միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի անցկացումով, եւ անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում` անվտանգության գոտու վերադարձի հետ փոխկապակցված:
Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է բարեխղճորեն բանակցություններ վարել, մերժում Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունները ու զինադադարի մասին համաձայնագրի ամրապնդմանն ուղղված այնպիսի քայլերը, ինչպիսիք են ռազմաճակատի գծից դիպուկահարների հեռացումն ու դիտորդական առաքելության ուժեղացումը:
Տաս տարվա ընթացքում այդ երկիրը զբաղված է եղել ռազմական նախապատրաստմամբ, ինչի միակ նպատակն է վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերին, եւ ոչ թե հաշտեցման գնալ նրանց հետ: Միջազգային հանրությունը պետք է ապահովի, որ Ադրբեջանը հարգի միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը, այն է` հրաժարումը ուժի կիրառումից կամ սպառնալիքից` հակամարտությունների լուծման նպատակով»:
Տեսանյութը` «Ա1+»-ի