Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը զինվորներին այս օրերին խրախուսելն ու պարգեւատրելը բավարար չի համարում:
«Բանավոր գովեստը բավարար չէ, բարոյական խրախուսանքը միշտ էլ եղել է անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետեւ այսօր սպառազինության արդիականացման խնդիրներ կան: Շատ լավ է, որ այդ հարցերը պատշաճ ձեւով քննարկվում են, բայց կարծում եմ, որ այդ հարցերի լուծումն է հայ զինվորի համար իսկական խրախուսանք: Կցանկանայի, որ մեր բոլոր զինվորների, որոնք զոհվել են այս կարճատեւ պատերազմի ժամանակ, նրանց ընտանիքներին առանձնահատուկ ուշադրություն լիներ, պարզվեր՝ ինչպես է նրանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում: Պետք է որոշ օրենսդրական նախաձեռնություններ նույնիսկ լինեն:»,- ասաց տիկին Ալավերդյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ զինվորներին այցելությանն ու ելույթին՝ տիկին Ալավերդյանը շարունակեց.
«Պետք է մեր զինվորին խրախուսենք՝ ցույց տալով, որ անհրաժեշտ անվտանգության երաշխիքները կան պաշտպանական գործողությունների համար՝ զենք- զինամթերք, որոնք ցույց կտան զինվորին, որ ունենք նոր օժանդակ միջոցառումներ, նյութական անհրաժեշտություն, որը երաշխիք կլինի նաեւ այն գյուղերի բնակիչների համար, որոնք այսօր ժամանակավորապես տարհանվել են»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին հայ պատգամավորների բարձրաձայնելուն տիկին Ալավերդյանը կրկին բավարար չհամարեց. «Միջազգային հարթակներ ասելով պետք է հստակեցնենք, այն, որ հնչեցվել է դա բավարար չէ: Խոշտանգումների հարցը պետք է դառնա այդ հարթակի քաղաքական օրակարգի հարց, այսինքն, խնդիրը պետք է հստակ դնել, ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ հատուկ զեկույցով հանդես կգա: Զուտ հնչեցնելը բավարար չէ: Չի կարելի սահմանափակվել զուտ հայտարարություններով, կան տարբեր մեխանիզմներ, որոնք պետք է աշխատեցվի միջազգային հարթակներում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ