ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
«Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ ԼՂ հակամարտության շուրջ առաջացած վերջին սրացումը սթափվելու խիստ եւ պարզ ուղերձ են հղել բոլորիս: Մարդկանց կյանքերը վտանգված են ամենաբարբարոսական ձեւով՝ թարմացնելով անցյալի մեր հիշողությունները: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքական կառույցները, խորհրդարանները դեռեւս բավականաչափ ուժ ունեն՝ աննախադեպ զարգացող մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք պետք է ապացուցենք, որ փոխզիջում չկա, երբ հարցը վերաբերում է ամենահիմնարար արժեքին՝ մարդու կյանքի իրավունքին:
Հարգելի գործընկերներ, դուք տեղյակ եք, որ վերջերս ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել են լայնածավալ ագրեսիա ԼՂ ժողովրդի դեմ եւ նոր տերմին է ստեղծվել՝ «քառօրյա պատերազմ»: Ադրբեջանական զինված ուժերը կիրառել են մահաբեր հարձակողական զենքեր, որոնք ձեռք են բերվել վերջին 20 տարիների ընթացքում՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումով:
Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է միջազգային իրավունքի փաստաթղթերին, ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան եզրափակիչ ակտին եւ այլ փաստաթղթերին: Ըստ միջազգային իրավունքի՝ Ադրբեջանի հարձակումը համարվում է ագրեսիա: Ադրբեջանական բանակի թիրախում եղել են քաղաքացիական շինությունները եւ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրետակոծված դպրոցի բակում սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, երկու երեխաներ ծանր վիրավորվել են: Եվ սա միակ բռնարարքը չէ խաղաղ բնակչության դեմ. ադրբեջանցի զինվորականները սպանել են տարեց ամուսիններ Վալերա եւ Ռազմելա Խալափյաններին իրենց տանը՝ կտրելով վերջիններիս ականջները: Նրանք նաեւ սպանել են 92-ամյա Մարուսյա Խալափյանին եւ խոշտանգել են 104-ամյա Հայկա տատիկին, որն, իմիջիայլոց, 6 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը՝ որպես պետություն: Բոլոր սպանված եւ խոշտանգված անձինք անօգնական տարեցներ են:
Կարդացեք նաև
Բացի դրանից, ադրբեջանական զորքերը գլխատել են ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանին, Հայկ Թորոյանին եւ Հրանտ Ղարիբյանին: Այո, գլխատել են ԴԱԻՇ-ի ոճով: Սոցիալական ցանցերի՝ Քյարամ Սլոյանի գլուխը որպես «ավար» ի ցույց դնող բազմաթիվ լուսանկարներն իրական վկայությունն են ադրբեջանցի զինվորականների դաժան վերաբերմունքի: Ավելի ուշ գլուխը որպես «ավար» ցուցադրվել է Ադրբեջանի տեղի բնակչությանը՝ խրախուսելով հայերի հանդեպ ատելությունը եւ ագրեսիան: Պաշտոնական Բաքուն մեղավորներին պատժելու համար ոչ մի գործողություն չի ձեռնարկել եւ դրանով Ադրբեջանը մեկ անգամ եւս խախտել է միջազգային բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ «Ցեղասպանությունը որպես հանցագործություն կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, «Պատերազմի զոհերի պաշտպանության» Ժնեւի կոնվենցիան եւ այլ միջազգային փաստաթղթեր: Ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ ԼՂ իշխանություններին հանձնված խոշտանգված ռազմագերիները եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տասնութ սպանվածների խեղված մարմինները խոշտանգման եւս մի դրվագ են:
Ադրբեջանական զինված ուժերը եւ գրոհայինները բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂ-ի զորքերի եւ խաղաղ բնակչության դեմ, որոնք համարվում են պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ՝ ըստ միջազգային իրավունքի: Եվ ադրբեջանական իշխանությունները եւ այն անձինք, որոնք իրականացրել են ռազմական հանցագործություններ, պետք է պատասխանատվություն կրեն միջազգային իրավունքի խախտումների եւ պատերազմական հանցագործությունների իրականացնելու համար:
Ես կոչ եմ անում Վեհաժողովին հստակորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի իրականացրած դաժանությունները եւ հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովելու ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ իրականացրած հանցագործությունների ճշգրիտ հետաքննություն: Ես նաեւ կոչ եմ անում միջազգային հանրությանը համապատասխան քայլեր ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների միջազգային օրենքի, միջազգային մարդասիրական օրենքի եւ ընդհանուր առմամբ միջազգային օրենքի հետագա լուրջ խախտումները»: