Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ Հայաստանի սերունդը ոչ մի բռնություն ու կախյալություն չի հանդուրժում». դպրոցի տնօրեն

Ապրիլ 19,2016 22:15

Գյումրիի Օյունջյան դպրոց- վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը, որը պատերազմի օրերին ապշել է իր սաների հայրենասիրությունից ու համախմբվածությունից, հետաքրքիր պատմություններ է ներկայացնում նրանց արարքներից: Նա պատմում է, թե Թալիշում խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններից հետո աշակերտներին զսպել չէր լինում. դպրոցի աշակերտական խորհուրդը մի մարդու նման ոտքի է կանգնել, թե բողոքի ցույցեր պիտի անցկացնենք Ազատության հրապարակում:

Իսկ աշակերտներից շատերը իրենց կատարյալ զինվորի դերում են պատկերացրել, չնայած փոքր տարիքին՝ ցանկություն են հայտնել դպրոցը ժամանակավորապես թողնել ու բանակում լինել: Պատերազմի սկսվելուց ժամեր անց՝ այս դպրոցի աշակերտները օգնություն են կազմակերպել առաջնագծում գտնվող զինվորների համար:

«Եթե տեսնեիք ոգեւորվածությունը, կազմակերպվածությունը, նույնիսկ աշակերտական խորհրդով որոշել էին ցույցեր կազմակերպել Ազատության հրապարակում, ուզում էին իրենց ցասում, բողոքն արտահայտել: Ես այնքան հպարտ եմ, որ դպրոցական միջավայրն է տրամադրող եղել մեր սաների համար, դա մի օրում չեղավ, տարիների արդյունքն էր, պարզապես երեւի պահն էր, որ պոռթկար հայրենասիրությունը, պահն էր, որ ցույց տային, ինչպես որ համայն հայությունը ցույց տվեց, եկել էր պահը: Ցույց տվեցին իրենց հոգում կուտակվածը. հայրենիքի զինվորների պակաս երբեք չենք ունենա, մեր սերունդը՝ ավագ սերունդը, մեծ բերկրանք  ու հիացմունք է ապրում այն գիտակցումից, որ մենք ունենք վաղվա հայրենասեր երիտասարդությունը: Ամենակարեւորը, հպարտ ենք այն գիտակցումից, որ նման սերունդ ենք դաստիարակել:

Անկախ Հայաստանի սերունդը լրիվ տարբերվում է, իրենք ընդհանրապես չեն հանդուրժում ոչ մի տեսակի բռնություն, ոչ մի տեսակի կախյալություն, իրենք ապրում են, ուսում են առնում անկախ Հայաստանում, իրենց համար անկախությունը այլ նշանակություն ու իմաստ ունի, քան մեր սերնդի համար է, իրենք արյունով, օդով, ավիշով այդ անկախության բերկրանքը, հոտը, բույրը զգացել են: Նրանք հենց դպրոցում են զինվոր դառնում, պատկերացրեք, ես բացարձակապես չեմ զարմանում, որ մեր դպրոցում կա Հայկ ու Հայկի նման շատերը», – հպարտությամբ ասաց տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930