Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում լայն քննարկման արժանացած գյումրեցի 14-ամյա Հայկը՝ քառօրյա պատերազմի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 19,2016 19:30

Դեռեւս երեք տարի առաջ Գյումրիի Օյունջյան դպրոց- վարժարանի սաներից մեկը՝ 11-ամյա Հայկ Հովսեփյանը, Haynews.am կայքին տված հարցազրույցով ապշեցրել էր ընթերցողներին Հայոց բանակի, մեր երկրում տիրող խնդիրների, ազգային հերոսների, ֆիդայական շարժման, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին իր մտքերով: 3 տարի առաջ նկարահանված տեսանյութը, որը վերնագրված է «Եթե Ադրբեջանին ռուսը զենք չվաճառեր, մեր ախպերը կլիներ», այս օրերին դարձել է համացանցում ամենատարածվածն ու քննարկվողը: Հայկ Հովսեփյանը խոսում է հասուն, կյանք տեսած մարդու, ավելին` կռված հայ հերոսի պես:

Aravot.am-ն այսօր այցելեց Օյունջյան դպրոց- վարժարան՝ արդեն 9-րդ դասարանում սովորող Հայկի հետ զրուցելու քառօրյա պատերազմի տված դասերի, Ալիեւի՝ սեփական ժողովրդին խաբելու, նրա ձախողած ռազմական գործողությունների, ադրբեջանցի զինվորների վայրագության, միջազգային հանրությունից մեր պահանջների, Հայոց բանակի մարտունակության մասին:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը, իմանալով, որ փնտրում ենք Հայկին, մի քանի ուշագրավ տեղեկություններ հայտնեց նրա մասին. նախ ասաց, որ նա  պատանի երկրապահի նախագահն է վարժարանում, մանկավարժների ընտանիքից է, եղբայրը նույնպես սովորում է վարժարանում: Քառօրյա պատերազմի օրերին Հայկն աշակերտական խորհրդի մեջ ընդգրկված իր մի քանի հայրենասեր ընկերների հետ դպրոցից կազմակերպել է օգնություն սահմանին կանգնած զինվորների համար: Թալիշում կատարված վայրագություններից հետո եկել է տնօրենի մոտ, խնդրել նրան՝ ի նշան  բողոքի, թույլատրել դպրոցի աշակերտների հետ միասին դուրս գալ Ազատության հրապարակ ու ցույց անել, իսկ մայրաքաղաք հասնել ազգային-ազատասիրական երգ ու պարի կատարմամբ:

Ի դեպ, Հայկը պատրաստվում է զինվորական դառնալ. ծառայել Հայոց բանակում կամ ԱԱԾ-ում: Տնօրենը հպարտությամբ ներկայացրեց, որ Հայկը «Հայ Ասպետ» հեռուստախաղում փայլել է իր գիտելիքներով:

Այսօր Հայկին հարցրեցինք՝ եթե իր դիմաց նստած լիներ ադրբեջանցի հասակակից պատանի, քառօրյայի պատերազմից հետո ի՞նչ կուզենար ասել նրան: «Ի՞նչ ասես, վայրենուն  ուղղակի պետք է պատասխանես զենքով, սա՛ է ասելիքը: Եթե իմ դիմաց նստեր ու իմանար իր երկրի պատմությունը, ոչինչ չէր կարողանա խոսել, 90 քանի տարվա պատմություն ունեն, քոչվոր երկիր է, նա կկարողանա՞ր խոսել աշխարհի ամենահին, փառահեղ պատմությունն ունեցող ազգի ներկայացուցչի հետ»:

Հայկը նշում է՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայոց բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում, ադրբեջանական բանակին կարող է ջախջախել: «Եթե նրանք են ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե երկու օրում կհասնեն Ստեփանակերտ, մենք կարող ենք վստահ ասել, որ  մեկ օրվա ընթացքում կհասնենք Բաքու, որովհետեւ ազգային ոգին մեր մեջ ավելի ուժեղ է: Ես չէի ասի, թե մենք զենքի պակասություն ունենք, որովհետեւ 6 հատ անօդաչու թռչող սարք վերացրեցինք, որոնցից ամեն մեկը 500 հազար դոլարից ավել է: Ոչնչացված միլիոնների համար  Ալիեւը  դեռ պատասխան պիտի տա իր ժողովրդին, թե ինչու փոշիացրեց միլիոնները ու չկարողացավ ոչ մի արդյունքի հասնել ռազմական գործողություններում»:

Հայկը նշում է՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերն արդեն իսկ են ցույց տվել, որ հայն ու ադրբեջանցին ի զորու չեն մի հարկի տակ ապրել, մարդու գլուխ, քիթ, ականջ կտրելը ապացույցն է այն բանի, որ ադրբեջանցիները  դեռ վայրենիներ են, ցեղային խմբերից չեն զարգացել, քաղաքակրթության հետ աղերս չունեն:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930