Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակել է Վեներա Թորոսյանի գործով վճիռը:
Այսպիսով՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը Վեներա Թորոսյանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարի ազատազրկման: Սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Վեներա Թորոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ մեղադրողը պահանջել էր Վեներա Թորոսյանի նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով, սակայն Վեներա Թորոսյանի պաշտպանը խնդրել էր կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով եւ հնարավորություն տալ Վեներա Թորոսյանին վճարել այն մաս-մաս 1 տարվա ընթացքում, քանի որ վերջինս վճարունակ չէ:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: Վերջինս նշեց, որ ընդհանրապես զարմացած չէ այդ վճռից. «Հակառակը՝ ես ավելի շատ կզարմանայի, որ որեւիցե ընտրակեղծարար հայտնվեր ճաղերի հետեւում: Ստեղծված իրավիճակում սա ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում է, որ ոչ մի ընտրակեղծարար չի հայտնվում ճաղերի հետեւում, եւ ցանկացած պոտենցիալ ընտրակեղծարար գիտակցում է, որ ինքն անպատժելի է: Բոլոր ընտրակեղծարարները կա՛մ տուգանքների են արժանանում, կա՛մ պայմանական ազատազրկման»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ չնայած այս դեպքում՝ ընտրակեղծարարը չի կարողանա հանձնաժողովի աշխատանքների մեջ ներգրավվել ընտրական օրենսգրքի համաձայն, սակայն դա կանխարգելիչ քայլ չէ. «Վաղը մյուս օրը մեկ այլ ընտրակեղծարար ընտրակեղծիք անելուց առաջ չի մտածի, որ այ այս մեկին նստեցրեցին, բեր ես այս կեղծիքը չանեմ, որ ինձ էլ չնստեցնեն: Հակառակը՝ ինքը գիտակցելու է, որ իրեն չեն նստեցնի, որովհետեւ կեղծիք արած մեկ ուրիշին չնստեցրին»:
Հիշեցնենք՝ Վեներա Թորոսյանը մեղադրվում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ