Այդտեղ ոչ ձայները փոշիացնելու խնդիր է եղել, ոչ նման բան կարող էր լինել: Նույնիսկ թվերն են դրա մասին խոսում: Ես առաջադրվել եմ, որովհետեւ ուզել եմ առաջադրվել, պայքարել, ընտրվել:
«Շնորհավորում եմ հաղթած թեկնածուին եւ նրան հաջողություն եմ մաղթում»,- Aravot.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանն այսպես շնորհավորեց վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանին:
Նրա խոսքերով՝ «հրազդանցին է որոշում իր քվեն ում տա: Իր քվեն տալիս է այն թեկնածուին, որին վստահում է, հավատում է եւ ում հետ կապում է իր համայնքի զարգացման հեռանկարը: Ես հարգում եմ հրազդանցու որոշումը»:
Նա վստահեցրեց, որ բոլոր ընտրատեղամասերում ունեցել են վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ եւ տեղամասերում որեւէ խնդիր չի եղել. «Ոչ ձայներ են գողացվել, ոչ ձայներ են կեղծվել, որեւէ թեկնածուի ձայն չի գողացվել: Ինչ վերաբերում է տեղամասերից դուրս, ես տեսել եմ տարբեր ԶԼՄ-ների տեսանյութեր ընտրակաշառքի մասին, բայց անձամբ ես նման փաստի ականատես չեմ եղել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ասում եք ՝ հրազդանցին ում ուզել է՝ իր ձայնը տվել է, բայց նայելով Հրազդանի քարուքանդ փողոցները, այն աշխատանքները, որոնք համայնքում չեն կատարվել, բնակիչը այս ամենը հաշվի առնելով էլի ձայն կտա՞ր քաղաքապետին՝ նա պատասխանեց. «Մարդիկ ընտրություն են կատարում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մեկի փողոցն է սարքված, մեկի՝ տանիքը, մեկի՝ շենքը: Մարդիկ ընտրություն են կատարել՝ տեսնելով աշխատանքներ, առաջընթաց: Չեն ընտրել այն մարդիկ, ովքեր չեն տեսել աշխատանք: Դա սուբյեկտիվ գնահատական է: Ես ամեն հրազդանցու հոգեբանության մեջ չեմ կարող մտնել»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ Սասուն Միքայելյանի ձայներին պակասում էր մոտավորապես այնքան ձայն, որքան Դուք եք ստացել, սա ընդդիմության ձայների փոշիացման է նման , հնարավոր չէ՞ր միասնական թեկնածուով հանդես գալ՝ Արթուր Միսակյանը պատասխանեց. «Նման բան չկա: Եթե, օրինակ, ես չառաջադրվեի եւ իմ օգտին քվեարկած բոլոր հրազդանցիները քվեարկեին Սասուն Միքայելյանի օգտին, դրան գումարվեր, որ որեւէ քվեաթերթիկ անվավեր չհամարվեր եւ այդ ամենն էլ գնար Սասուն Միքայելյանի օգտին, միեւնույն է,Արամ Դանիելյանը հաղթելու էր, իր ձայները շատ ավելին էին, քան իմ նկարագրածը»:
Մեր դիտարկմանը, որ սովորաբար, երբ ընտրությունների ժամանակ ընդդիմության կողմից մի քանի թեկնածություն է դրվում եւ այսպես քիչ ձայներ են հավաքվում, մարդիկ մտածում են՝ այդ թեկնածուն իշխանության կողմից ներդրված է՝ ընդդիմության ձայները փոշիացնելու համար՝ Արթուր Միսակյանն արձագանքեց. «Սա քաղաքական գործընթաց է, ուզեցել եմ քաղաքական պրոցեսներին մասնակցել՝ որպես քաղաքական գործիչ՝ մարդ, ով մտահոգ է իր քաղաքի պրոբլեմներով, ով նոր մոտեցումներ, նոր ասելիք ուներ: Ես այդ տրամաբանությամբ եմ առաջադրվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ