Ինչպես տեղեկացրել ենք, ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի դեպքում հարուցվել է քրեական գործ: Ռուզաննա Եղնուկյանը տուժող է ճանաչվել:
Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում Ռուզաննա Եղնուկյանը ասաց, որ հարցաքննություններ են եղել, բայց գործում մեղադրյալ դեռ չկա: Ռուզաննա Եղնուկյանը համարում է, որ ինչպես շատ գործեր, այս գործը եւս չի բացահայտվի. «Օրինակ՝ նույն Գեւորգ Սաֆարյանի գործը: Ինչո՞ւ են երկարացրել Գեւորգ Սաֆարյանի գործը, պատճառաբանել են, որ ինչ-որ տեսանյութում վերջին օրը ինչ-որ ոտք են հայտնաբերել, որը հայտնի չէ, թե ումն է, ում է հարվածել: Բայց դրա համար Գեւորգը պետք է նստի, որպեսզի պարզեն, թե ոտքի տերն ով է: Այստեղ էլ նույնն է, ասում են՝ ոտքը կա, հարվածը կա, տեսնողներ են նույնիսկ եղել, որ այդ ժամանակ մատնացույց են արել, թե որ ոստիկանն է, բայց մեղադրյալ առայժմ կարծես թե չկա»:
Ըստ նրա, այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ ինչպես բոլոր շինծու գործերը, «ջրվելու է գնա»՝ առանց որեւէ լուրջ հետեւանքներ թողնելու. «Բնական է, եթե ոստիկան է հարվածել, ուրեմն՝ 100 տոկոսով չի բացահայտվելու»:
Ինքը՝ Ռուզաննա Եղնուկյանը, իրեն համեմատաբար ավելի լավ է զգում, սակայն դեռ բուժումը շարունակվում է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ մարտի 24-ին «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել Մաշտոցի պողոտայում: Բողոքի ընթացքում ակցիայի մասնակիցները շղթայել էին իրենց։ Ոստիկանները, ուժ գործադրելով, ակցիայի մասնակիցներին մայթ են տեղափոխել, բերման են ենթարկել ցուցարարների: Ռուզաննա Եղնուկյանը այդ ցուցարարների շարքում էր, նա արդյունքում ստացել է վնասվածք՝ գլխի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ