Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-ը ատենապետ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին. «Հանգանակված գումարները գոհացնո՞ւմ են մեզ»

Ապրիլ 19,2016 17:55

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը պնդում է, որ իր եւ ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հարաբերությունները լարված չեն: Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, որ վերջերս բավական սուր խոսակցություն է եղել իր եւ Ռուբեն Միրզախանյանի միջեւ, ասաց, որ նման բան չկա. «Ինքն իմ երեխաների քավորն է, մենք ընտանիքներով էլ ենք մտերիմ, ես իր մոտ դասախոսում եմ: Ինքը ռեկտոր դառնալուց էր հրաժարական տվել, հիմա այնտեղ լավ էլ աշխատանք է կատարում»:

Ի դեպ, այսօր մեկնարկած Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների եռօրյա խորհրդակցական հավաքին պարոն Միրզախանյանը չէր մասնակցում: Հակոբ Ավետիքյանն ասաց`աշխատանքային զբաղվածության պատճառով է:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Հակոբ Ավետիքյանն անդրադառնալով բուն համաժողովին եւ ՌԱԿ-ի վերամիավորմանն, ասաց, որ կուսակցության ներսում`եւ Սփյուռքում, եւ Հայաստանում, կա այն գիտակցությունը, որ կուսակցության կենտրոնական ղեկավարությունը տեղափոխվի Հայաստան: «Մինչեւ հիմա, եթե դա չի եղել, պատճառն այն է, որ Հայաստանի կառույցը ի վիճակի չի եղել: Երբեմն առաջարկներ եղել են եւ ինձնից առաջ ուրիշ ղեկավարներ ասել են, որ մենք չենք կարող այստեղ նստած`իմանալ, թե Ավստրալիայում ինչպես են պայմանները, որպեսզի այստեղից հանձնարարականներ տանք: Դրա համար մենք մարդիկ պետք է ունենանք, փորձագետները պիտի աշխատեն, որ կարողանանք համարժեք բան անել:

Հիմա, սակայն, կարծես թե հասունացել է պահը`ինչ-որ հանգրվանային կերպով անցնելու հայաստանակենտրոն ոչ թե ղեկավարման, այլ համակարգման աշխատանքներին, որովհետեւ, Սփյուռքը բարդ երեւույթ է: Մենք պիտի կարողանանք այնպիսի կառույց ստեղծել, որը շատ ճկուն լինի, կարողանա ընդգրկել բոլոր շրջանակները եւ ինչու ոչ, Հայաստանում հաստատվի կենտրոնական գրասենյակը»,- ասաց Հակոբ Ավետիքյանը`հավելելով, որ այս երեք օրերի ընթացքում քննարկվելու է նաեւ Հայաստանին աջակցության հարցը. «Մեծ դժգոհություն կա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեություն վերաբերյալ: Այս օրերի մարտահրավերը, որը նետվեց ամբողջ հայությանը, նույնպես տեսնում ենք, որ խնդիրներ ունենք ոչ թե տարին մեկ-երկու հեռուստամարաթոններ անել եւ այլն, դա թերեւս պետք է, բայց մեզ պետք է մի այնպիսի համակարգ ստեղծել, որը հորիզոնական նյութական օգնություն կհայթայթի եւ դա համահայկական պիտի լինի: Ոչ միայն նյութական, այլ նաեւ քաղաքական, լոբբիստական, քարոզչական»:

Հակոբ Ավետիքյանի կարծիքով, այս տարիների անհամաձայնությունները անհատների խնդիր չեն եղել, այլ կառույցների, քանի որ Սփյուռքը բարդ վիճակում հայտնվեց նաեւ այն առումով, որ եթե ժամանակին Միջին Արեւելքի կառույցներն ամենակայացածն ու գործողն էին, այժմ տեղափոխվել են: Հետեւաբար, նախկինում եղած սուբորդինացիան`վերեւից-ներքեւ հրահանգների համակարգը այլեւս չի էլ կարող գործել, մանավանդ, որ երիտասարդներն էլ չեն ընդունում այդ կառավարման ձեւը, երիտասարդները հրահանգ չեն ուզում, այլ ծրագիր, քանզի հրահանգ տվողներն իրենցից կիրթ, հաջողակ, հարուստ եւ կայացած չեն:

Aravot.am-ի հարցին`հատկապես ի՞նչ դժգոհություններ կան «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքից. Իրենք կարծում են միայն հեռուստամարաթոնները բավարար չե՞ն, թե՞ նաեւ հանգանակված գումարների ծախսման հետ կապված խնդիր են տեսնում: «Հանգանակված գումարները գոհացնո՞ւմ են մեզ: Նաեւ այդ հարցն էլ գոյություն ունի, պետք է այլ մեխանիզմ ստեղծել, որպեսզի հսկեն այդ գումարների ծախսը: Պետական կառույցները`ԾԻԳ-երն են աշխատում, ո՞ւմ են իրենք հաշվետու: Փաստաթղթերով աուդիտ են անցկացնում, բայց դա չի վերաբերվում ասֆալտի պարագաներին»,- պատասխանեց Հակոբ Ավետիքյանը`տարակուսանք հայտնելով նաեւ այն առիթով, որ հեռուստամարաթոններն ամեն տարի անցկացվում են Կալիֆորնիայում, երբ ամերիկահայերի հարուստ եւ ունեւոր խավը, որը ավանդաբար նպաստել է իր հանգանակություններով, ԱՄՆ-ի Արեւելյան ափին են գտնվում`Դետրոյդ, Բոստոն, Չիկագո, Նյու-Յորք, Նյու-Ջերսի, Ֆիլադելֆիա. «Այնտեղ է, որ 4-5 սերունդ Հայաստանին տվել են, թեպետ հայախոս էլ չեն իրենք»:

Հակոբ Ավետիքյանի կարծիքով, հայկական եկեղեցին, որն ավանդաբար ամենահարուստ կառույցն է, եւս պետք է իր ուրույն ներդրումն ունենա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930