«Գեւորգի ազատության հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը այլընտրանք չի ունենա»,- ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գեւորգ Սաֆարյանի գործին, ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ իր նկատմամբ գործադրած ճնշման եւ Գեւորգ Սաֆարյանին բաց թողնելու հանգամանքների միջեւ իշխանության համար առայժմ կա այլընտրանքի հնարավորությունը, այդ պատճառով էլ Գեւորգ Սաֆարյանը ազատության մեջ չէ. «Հայաստանում դատարաններ չկան, մենք գործում ենք ժամանակակից ձեւերի տակ քողարկված խանական կառավարման համակարգի հետ, որի մեջ դատարանը ադմինիստրացիայի մաս է: Անիմաստ է դատարաններից արդարադատություն ակնկալել»:
Վարուժան Ավետիսյանը համարում է, որ Գեւորգ Սաֆարյանին կալանքի տակ են պահում՝ Գեւորգ Սաֆարյանի նման ակտիվ երիտասարդներին հետ պահելու, Գեւորգ Սաֆարյանի քաղաքական-հասարակական գործունեությունը խափանելու համար. «Բոլոր ակտիվ, կազմակերպչական ջիղ ունեցող ձայն բարձրացնելու, ճշմարիտ խոսքեր ասելու ունակ մարդիկ վտանգավոր են այս ռեժիմի համար: Դրա համար առիթ են ման գալիս, որպեսզի այդպիսի մարդկանց մեկուսացնեն եւ նրանց միջավայրերում էլ վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ժողովուրդը չհամախմբվի եւ իրենց դեմ չպայքարի: Բայց ինչպես տեսնում եք, Գեւորգի ընկերները միշտ իր հետ են եւ հատկապես վերջին իրադարձությունները, ցավալի իրադարձությունները՝ արտաքին հակառակորդի հետ կապված զարգացրեցին ժողովրդի մեջ այն գիտակցությունը, որ նախ հարկավոր է ազատվել ներքին թշնամուց, որպեսզի հնարավորություն ունենան դիմակայել արտաքին թշնամուն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ