Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ ուրբաթ օրը այն պետք է քննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Վերջնական տարբերակում ամրագրվել է, որ քվեաթերթիկի վրա պետք է փակցվեն հատուկ նշանով, տվյալ ընտրատեղամասի համարով դրոշմանիշներ, իսկ այն քվեաթերթիկը, որի վրա չի լինի դրոշմանիշ՝ կհամարվի անվավեր:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ այդ նոր մեխանիզմը թույլ կտա՞ վերահսկել ընտրությունների ընթացքը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախ, մինչեւ վերջ չենք ուսումնասիրել, երկրորդը՝ վստահություն չունենք: Մենք իզուր չենք ամիսներ շարունակ անցկացրել այն մեխանիզմների քննարկման շուրջ, որի շուրջ կձեւավորվի հանրության վստահությունը: Դրանք ենք մենք ներկայացրել: Մենք շատ սխալ մոտեցում ենք համարում, երբ մեր ուզած մեխանիզմները մի կողմ են դնում, ասում են՝ գիտեք, մենք շատ լավ մի հատ մեխանիզմ ունենք: Չենք քննարկել, չգիտենք դրա տակ ինչ է թաքնված, չենք ուսումնասիրել: Ոչ մի վստահություն չունենք ո՛չ նոր ներդրվող մեխանիզմների նկատմամբ, ոչ այն ֆիրմաների նկատմամբ, որոնք պետք է դրանցով զբաղվեն»:
Մեր հարցին՝ կարծում եք, որ հնարավոր է կեղծե՞ն այդ դրոշմանիշերը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Չգիտեմ, նախ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ են դրանք հետապնդում ու ինչու ընդունելի չեն այն ձեւերը, որը մենք ենք առաջարկում: Վստահություն ընդհանրապես չկա: Դա մեզ համար չքննարկված մի սխեմա է, որի նկատմամբ մենք ոչ մի վստահություն չունենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ