Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը պնդեց, որ բռնություն չի կիրառել «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հանդեպ

Ապրիլ 19,2016 17:35

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 19-ին տեղի ունեցավ Սիրուշ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ամբաստանյալը դատավորի հարցմանն ի պատասխան ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում տուժող կողմի` Անուշ Մկրտչյանի հանդեպ բռնություն կիրառելու մասով: Մինչդեռ ըստ մեղադրական եզրակացության` Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն է գործադրել եւ խոչընդոտել է նաեւ «Ազատության» օպերատորի` Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը:

«Մասնավորապես, Սիրուշ Հովհաննիսյանը Կոմիտաս 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց լրագրողից եւ օպերատորից պահանջել է դադարեցնել նկարահանումը եւ հեռանալ շտաբի տարածքից: Անուշ Մկրտչյանը և Գարիկ Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գարիկ Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը»,-ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Azatutyun_dat_1

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի ամբաստանյալն իր պաշտպանի հետ հստակեցնի իր դիրքորոշումը: Նիստը վերսկսվելուց հետո էլ տիկին Հովհաննիսյանը պնդեց, որ միայն բռնություն գործադրելու առումով իրեն մեղավոր չի ճանաչում:

Նշենք, որ այս գործով վկաներից երեքը, ինչպես նաեւ մյուս տուժողը` Գարիկ Ազիբեկյանն չէին ներկայացել դատական նիստին: Լսելով կողմերի կարծիքը` դատարանը որոշեց եւս մեկ անգամ ծանուցել Գարիկ Ազիբեկյանին, քանի որ հնարավոր է` նա չի ստացել ծանուցումը, իսկ պատշաճ կերպով ծանուցված եւ նիստին չներկայացած երեք վկաներին առաջիկա դատական նիստին բերման ենթարկելու որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին:

Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930