Ավելի վաղ նշել ենք, որ մեկ ամսից ավելի է դատավոր Սիմիզար Հովսեփյանը չի շտապում տրամադրել մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով ուժի մեջ մտած վճիռները և կատարողական թերթերը (ամբողջական նյութը հասանելի է այստեղ): Բացի այդ, մեկ այլ հրապարակմամբ (նյութը հասանելի է այստեղ) հայտնել ենք, որ Մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով կատարողական թերթերը տրամադրելու մասին դատավոր Սիմիզար Հովսեփյանի որոշումը կայացվել էր ոչ աշխատանքային օր՝ 08.03.2016թ.: Այս մասին փաստաբան Քրիստինա Գևորկյանը հեռախոսազանգի միջոցով հայտնել էր դատավորի օգնականին, որին ի պատասխան փաստաբանին հայտնել են, դատարանը կկայացնի նոր ամսաթվով որոշում և կփոխանցվի փաստաբանին:
Այսօր դատարանից Քրիստինա Գևորկյանին հայտնել են, որ վերոհիշյալ որոշումը չի կարող տրամադրվել, քանի որ գործի նյութերն ուղարկվել են Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Փաստաբանը փորձել է պարզաբանում ստանալ նշված հարցով, արդյունքում Վերաքննիչ դատարանի քարտուղարությունից հայտնել են, որ Երևանի մետրոպոլիտենը դատական ակտի վրիպակն ուղղելու դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Փաստաբանն արդարացիորեն եզրակացնում է, որ դատավոր Սիմիզար Հովսեփյանը կապ է հաստատել Մետրոպոլիտենի հետ, հայտնել դատական ակտում առկա խնդիրների մասին, որի արդյունքում էլ վերջինս վրիպակն ուղղելու դիմում է ներկայացրել, քանի որ տրամաբանական հարց է առաջացել՝ ինչու է հենց հիմա ներկայացվել դիմումը, չէ՞ որ դատական ակտը կայացվել է ամիսներ առաջ, և եթե պատասխանողը խնդիրներ է նկատել, ապա ինչո՞ւ ավելի վաղ չի ձեռնարկել համապատասխան քայլեր:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ դատավորը համագործակցել է քաղաքացիական գործով կողմի հետ, ինչն, իհարկե, արգելված է և ենթակա է օրենքով սահմանված կարգով քննության և համարժեք հետևանքների կիրառման:
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
- Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
- Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:
- Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել»:
Այսինքն՝ դատավարական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ վրիպակի ուղղումը չի կարող հանգեցնել վճռի էության և բովանդակության փոփոխության:
Իսկ թե կոնկրետ ինչ վրիպակի ուղղմանն է վերաբերում մետրոպոլիտենի դիմումը, կիմանանք ապագայում, և փաստաբանի կողմից կձեռնարկվեն օրենքով չարգելված բոլոր միջոցները՝ վերացնելու դատավորի և կողմի թույլ տված խախտումները:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ