Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող է փոխվել Ընտրական օրենսգրքի նախագծում. Իշխանության փոխզիջումները

Ապրիլ 19,2016 17:21

Ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Չնայած օրենսգրքի քննարկումներին մասնակցած ընդդիմությունը եւ քաղհասարակությունը պնդում են, որ կոնսենսուս չկա եւ իշխանությունը ոչ մի զիջումների չի գնացել, իշխանության ներկայացուցիչները այլ համոզման են:

Aravot.am-ի հետ զրույցում Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր հարցին՝ նախագծի այս տարբերակը կոնսենսուսայի՞ն եք համարում՝ ասաց. «Այն մեխանիզմները, որ կդրվեն Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ, պետք է լինեն կոնսենսուսային, եթե մենք ավելի կառուցողական դիրքերից ենք խոսում: Եթե խոսում ենք այո կամ ոչ սկզբունքով, ապա պարզ է, որ եթե մի բան էլ պակաս է, կասեն՝ կոնսենսուս չի՝ իրենց տեսանկյունից:

Եթե 4+4+4 տարբերակից վերանանք, բազմաթիվ առաջարկություններ իրացված են այս նախագծում, մեր գործընկերների կողմից բարձրացված բազմաթիվ խնդիրները քննարկվել եւ իրացվել են: Օրինակ, ազգային փոքրամասնությունների ցուցակը պարտադիր կցելու խնդիրը դուրս է եկել: Լրագրողների, դիտորդների քանակի սահմանափակման խնդիրը էլ չկա եւ նման բազմաթիվ հարցեր»:

Hovhannes_Sahakyan-2

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս նախագիծը հանձնաժողովում քննարկումների ընթացքում լուրջ փոփոխությունների ենթարկվի, թե՞ դա արդեն անհնար է՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նախագծում, օրինակ, նշել ենք, որ տեսախցիկների առկայությանը դեմ չենք եթե գտնվեն միջոցներ: Կարող է լինեն միջոցները եւ դա փոխվի, բայց միայն՝ ուղիղ հեռարձակումով չլինի եւ պետական մարմինների վրա չդրվի դրանց հրապարակումը: Բացի ընտրացուցակները հրապարակելուց, որին սկզբունքորեն դեմ ենք, մնացածը տեխնիկական խնդիրներ են, հնարավոր է դրանք փոխել, թե ոչ՝ քննարկումները ցույց կտան»:

Նշենք, որ ինչպես գործող, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքի նախագծում նշված է, որ եթե անձնագրի վավերականության ժամկետն ուժի մեջ չէ, դա հիմք չէ, որ մարդուն զրկեն քվեարկելու իրավունքից: Այսինքն, անվավեր անձնագրերով էլ կարող են քվեարկել:

Հովհաննես Սահակյանը բացատրեց, որ հաճախ մարդիկ կամ անփույթ են լինում կամ եթե արտերկիր չեն գնում, անձնագրի վավերականության ժամկետին չեն հետեւում, դա չպետք է արգելի մարդուն ընտրելու իրավունքն իրացնել:

Շուտով քննարկվելիք Ընտրական օրենսգրքի նախագծում, կարելի է ասել հիմնական նորություններից մեկը՝ դրոշմանիշները փակցնելը լուծում է մեկ խնդիր՝ բացառում է լցոնումը: Հաճախ նախորդ ընտրությունների ժամանակ ահազանգ էր լինում, որ վա՜յ, հագուստի տակ՝ ծոցը լցրած քվեաթերթիկները բերեցին ու լցոնում արեցին: Հիմա այս փոփոխությամբ այդ լցոնված քվեաթերթիկները, որոնք կլինեն առանց դրոշմանիշների, կհամարվեն անվավեր: Բայց մի քանի քվեաթերթիկներ վերցնել, օգտագործել մեկը, մյուսներն անպայման գցել այլ քվեատուփի մեջ, անպայման փակցնել դրոշմանիշ, անկյունաձեւ կտրված ծրար վերցնել ու այլն, այս ամենն ունի նաեւ բացասական կողմ: Մտավախություն կա, որ ընտրատեղամասում մի քանի ընտրողի առկայության դեպքում իսկական խառնաշփոթ է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930