Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը բանակ զորակոչվեց 2015թ. հունվարի 27-ին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը բուհական կրթությունն ընդհատել է՝ նախ կատարելու հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին:
«Մենք արդեն նշանակված տեղում էինք, երբ նկատեցինք մեզ վրա եկող տանկերը: Չորս տանկ շարժվում էր մեր հաշվարկի, վեց տանկ՝ մյուս հաշվարկի ուղղությամբ»,-պատմում է կրտսեր սերժանտը: Վրեժը թշնամու 4 տանկ խոցած մեր հերոս զինվորներից մեկն է` հակատանկային հաշվարկի հրամանատար: Վրեժը ոչ թե վրեժ լուծեց, այլև դարձավ հազարներից այն մեկը, որը հակառակորդին թեև առայժմ փխրուն, բայց խաղաղություն պարտադրեց, այն մեկն էր, որ հետ մղեց թշնամու առաջխաղացումը:
«Սկզբում մտածում էինք՝ ինչ անել, ինչպես անել, բայց խորհելու ժամանակ այլևս չկար: Երբ առաջին տանկը խփեցինք, ոգևորվեցինք: Մարտն ավելի թեժացավ: Մեզ հաջողվեց խոսել մյուս տանկերը ևս: Խոցելուց հետո չորս հոգի կարողացան դուրս պրծնել տանկից և փորձել փախչել, ոչնչացրինք նրանց ևս: Հակառակորդի նռնականետերի կրակոցից հայկական կողմից երկուսը վիրավորում ստացան, հիմա ապաքինվում են…»,- մեր տղաների խիզախության մասին համեստությամբ նշում է հայրենիքի երիտասարդ պաշտպանը: Ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած զինվորը լավ գիտի կյանքի փրկության գինը:
Բժշկական մասնագիտությունը Ոսկանյանների ընտանիքում ավանդական է: Կրտսեր սերժանտ, ապագա բժիշկ Վրեժ Ոսկանյանի հայրը նույնպես բժիշկ է։ Ադրբեջանական զինված խմբին լավ դաս տալուց հետո Վրեժը, ցավոք, վիրավորում ստացավ: Նա այժմ ապաքինվում է Ջաբրայիլի հոսպիտալում:
«Վրեժը ռազմական գործողությունների ընթացքում կռվել է դիվիզիայի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: Հակառակորդի չորս տանկը խոցել են իրենց անձնակազմով»,- ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ապագա բժիշկ որդու սխրանքների մասին պատմում է Վահագն Ոսկանյանը: Մերօրյա հերոսի հայրն այժմ ղեկավարում է Կոտայքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Վրեժը Վահագնի զույգ որդիներից մեկն է: Զավակներից Էմիլը, որ Երևանի պետական համալսարանի ակտուարական մաթեմատիկայի ամբիոնի ուսանող է, այս պահին զինծառայության մեջ է՝ մարտական դիրքերում։
«Որպես ծնող ու գործընկեր, որպես բժիշկ ու նախարար, հասկանում ու կիսում եմ հուզմուքը և շատ բարձր եմ գնահատում ծնողական Ձեր հպարտությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Նախարարի համոզմամբ՝ հայրենիքին արժանի ու նվիրյալ զավակներն են, որ նաև դառնում են բարձրակարգ մասնագետներ ու իրենց գործունեությունը ներդնում՝ պետության զարգացման ու ամրապնդման գործին:
ՀՀ առողջապահության նախարարություն