Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը համոզված է, որ գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է: Այդ մասին ապրիլի 19-ին «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնող խմբի բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց Անահիտ Բախշյանը:
«Այսպես փորձում են վրեժ լուծել մի մարդուց, որը մոտ 1 տարի առաջ քննադատեց իշխանությունների վարքագիծը եւ գործելաոճը` ասելով` «այս ի՞նչ եք անում երկրի հետ»: Հիմա էլ նրան են կարծես ասում` «տեսա՞ր` ինչ ենք անում, դե կգնաս կնստես, մենք էլ ազատության մեջ կշարունակենք թալանել եւ բարոյալքել երկիրը»: Ռուսական իշխանությունը Հայրապետյանին փակում է բանտում, որպեսզի իր կարծիքով` թուլացնի Արցախի պաշտպանությունը: Լեւոնը բանտում ավելի շատ գործ է անում Արցախի համար, քան շատերը` ազատության մեջ: Լեւոնի` ազատության մեջ գտնվելը մեր արժանապատիվ գոյության մասին էր վկայում: Որպեսզի մենք չկարողանայինք դա ապացուցել, Լեւոնին մեր այսպես կոչված դաշնակիցը բանտում է պահում»,-հավելեց տիկին Բախշյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ