Երկօրյա միջոցառումների մեկնարկը կտրվի Aurora Dialogues քննարկումներով
Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը կազմակերպում են Aurora Dialogues քննարկումներ՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։
Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս
«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։
Aurora Dialogues քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն:
Քննարկման մասնակիցներին կողջունի 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:
Aurora Dialogues-ը կընթանա հետեւյալ հարցերի շուրջ.
- Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում. քննարկումը կսկսվի հատուկ այս նպատակով պատվիրված եւ իրականացված The Humanitarian Index հարցման տվյալների արդյունքների հրապարակմամբ։ Վեց տարբեր տնտեսական սեկտորներում կատարված այս հարցումը երեւան է հանում հասարակության պատկերացումները հումանիտար հիմնախնդիրների, առաջնահերթությունների եւ հաշվետվողականության վերաբերյալ։ Նիստի ընթացքում կքննարկվեն հետազոտության արդյունքները՝ ներառյալ համաշխարհային ընկալումները փախստականների ճգնաժամի, պաշտպանելու պարտավորության, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամերի դեմ պայքարի կարիքներին օժանդակելու կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների շուրջ։ Քննարկման մասնակիցները կվերլուծեն համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը եւ կկքննարկեն, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։
- Փրկելով աշխարհի փախստականներին՝ Սիրիա եւ այլուր. միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը կզեկուցի հակամարտությունների կանխարգելման եւ լուծման գործում իր ունեցած ներդրման եւ որպես առաջամարտիկ՝ «Պաշտպանելու պարտավորություն» նախաձեռնության հետ համատեղ գործունեության մասին։ Նիստի պատվավոր մասնակիցներն ապա կքննարկեն հարկադիր միգրացիայի բուն պատճառները, կգնահատեն պատմությունից քաղած դասերը եւ կվերլուծեն այն տարբերակները, որոնցով մարդասիրական համայնքը տարբեր կառույցների հետ համագործակցելով կարող է քայլեր ձեռնարկել այդ հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով։
- Կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգի նախագահությամբ նիստը կընթանա միջազգային մարդասիրական համայնքի՝ լայն եւ տարաբնույթ փորձ ունեցող բացառիկ կին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում գնահատական կտրվի կանանց ներդրմանը մարդասիրական գործին եւ այն դերին, որոնք վերջիններս կարող են կատարել իբրեւ սոցիալական փոփոխության գործոն։
- Ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը ). ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար Թեդ Քոփելի հետ կքննարկվի լրատվության կատարած կարեւոր դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման, դեպքի վայրից ռեպորտաժների կազմակերպման եւ լայն լսարանին տեղեկատվության տրամադրման գործում։ Մասնակիցները տեսակետներ կփոխանակեն հումանիտար ճգնաժամերի մասին իրազեկվածության բարձրացման, հանրային կարծիքի ձեւավորման, հրատապ արձագանքման անհրաժեշտության կարեւորման եւ բացասական դերակատարներին դիմագրավելու ջանքերն ուղղորդելու գործում լրատվության կատարած դերի շուրջ։ Քննարկումը կանդրադառնա նաեւ լրատվական դաշտի կառուցվածքի փոփոխություններին, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամների մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում սոցիալական մեդիայի եւ շուրջօրյա լրատվության ընձեռնած հնարավորություններին։
Aurora Dialogues քննարկումների մասնակիցներից են՝
- Մարգարիտ Բարանկիցե՝ «Խաղաղության տան» հիմնադիր, «Ավրորա» մրցանակի հավակնորդ,
- Ջոյս Բարնաթան՝ Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ,
- Դոկտոր Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
- Էնրիկե Էգուրեն՝ Protection International (Միջազգային պաշպանություն) կազմակերպության նախագահ,
- Գարեթ Էվանս՝Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
- Դոկտոր Լեյմա Գբովե՝ Նոբելյան դափնեկիր, խաղաղության լիբերիացի ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
- Սայիդա Ղուլամ Ֆաթիմա` Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար, «Ավրորա» մրցանակի հավակնորդ
- Դեյվիդ Իգնեյշըզ` գրող, The Washington Post օրաթերթի սյունակագիր
- Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
- Թեդ Քոփել՝ ABC լրատվական ցանցի նախկին հաղորդավար
- Դոկտոր Ջոզեֆին Կուլեա՝ Samburu Girls Foundation-ի (Սամբուրու աղջիկների հիմնադրամ) հիմնադիր եւ գործադիր տնօրեն
- Սթիվ Քյուրքչյան՝ գրող, The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար
- Դոկտոր Էդվարդ Լաք՝ Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային եւ հանրային հարաբերությունների պրոֆեսոր, մասնագիտացումը՝ միջազգային հակամարտություններ լուծում (Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային կապերի ֆակուլտետ)
- Դոկտոր Սթիվեն Լաքերթ՝ Հոլոքոստի ուսումնասիրության Լեւինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտ
- Արյե Նայեր՝ Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ
- Դեյվիդ Թոլբերթ՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ
- Դոկտոր Ջեյմս Սմիթ՝ Aegis Trust կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն
- Նենսի Սոդերբերգ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ
- Ջիլիան Սորենսեն՝ Միջազգային փրկարար հանձնաժողովի անդամ, United Nations Foundation-ի ավագ խորհրդատու
Aurora Dialogues քննարկումներն ուղիղ կհեռարձակվեն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն: Հեռարձակման հղումը, ինչպես նաեւ նորությունները եւ շաբաթվա ամփոփումը կարող եք գտնել 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակի կայքում եւ «Ավրորա» մրցանակի սոցմեդիայի էջերում՝ #AuroraPrize եւ #AuroraDialogues հեշթեգերով։