Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի գործով ադրբեջանամետ միլիարդատիրոջ անուն է շրջանառվում (Տեսանյութ)

Ապրիլ 19,2016 16:55

Ապրիլի 19-ին «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոքի ցույցի ընթացքում իրավաբան Հայկազ Մակարյանը Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի մասին մի շարք դիտարկումներ ներկայացրեց լրագրողներին:

Ինչպես հայտնի է, Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել` Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար:

«Նախաքննական մարմինների աշխատանքը պարզապես խայտառակություն է, որովհետեւ հստակ փաստեր չկան, թե ո՞վ է այդ մարդը, ի՞նչ հանգամանքներում է այդ գումարը վերցվել, եւ առհասարակ` որտեղի՞ց է առաջացել այդ 700 հազար դոլարը: Բացի այդ, ՌԴ քրեակատարողական օրենքի համաձայն, եթե գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն տվյալ անձին դատարան կանչելու համար, ապա այդ գործին ընդհանրապես ընթացք չի տրվում: Ինչպես պարոն Հայրապետյանի փաստաբանն է նշում, ի սկզբանե բավարար փաստեր եւ ապացույցներ չեն եղել` Հայրապետյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: ՌԴ համապատասխան օրենսգրքով` իրավունք չունեն առանձնակի ծանր հիվանդություններ ունեցող մարդուն նման անմարդկային մոտեցում եւ վերաբերմունք ցուցաբերել:

Բանտախցում Հայրապետյանը հոգնած-ընկած էր աթոռին, իսկ իրավապահները նրա ձեռքն են շղթայում, մի խոսքով` հոգեբանական գրոհ են գործում նրա վրա: Սա արդեն միջազգային հանցագործություն է»,-այսպես մեկնաբանեց Հայկազ Մակարյանը:

Իրավաբանն ասաց, որ իր համար եւս մեկ հանգամանք, կարելի է ասել, զավեշտալի է. «Այդ ո՞ր դատավորն է գործը հասցրել այնպիսի սրության, որ Հայրապետյանին անպայման պետք է պահել պատժախցում, այլ ոչ` ազատության մեջ: Ի սկզբանե Հայրապետյանին խարդախության, փողերի լվացման հոդվածներ էին վերագրվում, բայց հարց է առաջանում` եթե ռուսական արդարադատությունն այդքան իրավահավասար է, ի՞նչ եղան այդ հոդվածները, ո՞նց դուրս եկան գործից… Այսինքն, տեսան, որ գործն այդ մարդու վրա «կարել» չի ստացվում, մեկ այլ` X գործի անցան: Հետեւաբար, չի կարող այդքան իրավական բացերի արանքում լինել այնպիսի հանգամանք, որը կարող էր Հայրապետյանին բերել այն վիճակին, որում նա հիմա գտնվում է»:

Մակարյանը նկատեց, որ այս գործում հիշատակվում է նաեւ ռուսաստանցի միլիարդատեր Ալիշա Ռուսմանովի անունը. «Նա մեծ կապեր ունի ադրբեջանական բռնապետական ղեկավարության հետ: Ըստ ռուսական մամուլի, նա բավականին ազդեցիկ է: Լեւոն Հայրապետյանն անմիջական օգնություն է ցուցաբերում ԼՂՀ-ի զարգացման գործին, դա փաստ է: Կարծում եմ` Ռուսաստանի ադրբեջանամետ ուժերն են ՌԴ-ի ինչ-ինչ պետական ուժերի միջոցով փորձում ներգործել եւ կասեցնել Հայրապետյանին»:

Իրավաբանը միաժամանակ ընդգծեց, որ խոսքն անմիջապես Ռուսաստանի ներգրավվածության մասին չէ, քանի որ Հայրապետյանը նաեւ ռուս հասարակության շրջանում է հարգանք վայելում. «Այստեղ որոշ անհատների եւ Ալիեւյան նավթադոլարների խնդիրն է: Ի դեպ, Հայրապետյանն այս տարի Ղարաբաղում մտադիր էր կազմակերպել 1000 եւ ավելի զույգերի հարսանիք: Սա ՌԴ-ի ադրբեջանամետ ուժերը չէին կարող անտեսել»,-եզրափակեց Մակարյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930