Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամկավար ազատականները փորձում են միավորվել

Ապրիլ 19,2016 16:31

Այսօր Թեքեյան մշակութային միությունում մեկնարկեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների եռօրյա խորհրդակցական հավաքը: Նիստին մասնակցում էին ՌԱԿ Միացյալ նահանգների, Կանադայի, Լիբանանի, Հունաստանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սիրիայի, Իրաքի և այլ շրջանակների, ինչպես նաեւ ՌԱԿ Հայաստանի կառույցների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի ընթացքում ՌԱԿ-ականները կքննարկեն հիմնականում ներկուսակցական-կազմակերպական հարցեր: Օրակարգում ընդգրկված են քառօրյա պատերազմի հետևանքների վերացման, արտասահմանում քարոզչական-լոբբիստական աշխատանքներին վերաբերող հարցեր եւս:

Hakob_Vardivaryan

«Անցնող տասը տարիներուն, ավանդական մեր կազմակերպությունը, որ Արմենական կազմակերպության հարազատ ծնունդն է տագնապ մը բոլորեց: Եվ այդ տագնապը, որքան վնաս էր Սփյուռքի կազմակերպություններուն, նույնքան հայրենիքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌԱԿ մամուլի հանձնախմբի տնօրեն Հակոբ Վարդիվառյանը`մանրամասն անդրադառնալով Հայաստանի երեք հանրապետությունների կյանքում ՌԱԿ-ի ունեցած ներդրումներին եւ դերակատարմանը:

Վերջին տասը տարիների երկփեղկումից հետո, ըստ պարոն Վարդիվառյանի, ՌԱԿ-ը փորձում է կրկին միավորվել. «Ասիկա երկրորդ խորհրդակցական հանդիպումն է, մեկ խորհրդակցական հանդիպում ունեցանք նոյեմբերին: Հուսամ, որ ասկե կելնենք վերականգնումի, միության ծրագիրներով, որպեսզի այսուհետ մեր բոլոր քսան շրջանակները, քանի մը ամիսը ետ, դարձյալ մայրաքաղաք Երեւան գան`մեր ընդհանուր պատգամավորական ժողովը գումարելու: Նաեւ ծրագրելու`մեր կուսակցության կենտրոնը Երեւան բերելու»:

RAK_hamajoxov_1

Հակոբ Վարդիվառյանը վստահեցնում է, որ այս շարժումը եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը որեւէ խնդիր չունեն միմյանց հետ: «Շատ սրտաբաց կգործակցինք»,- հավաստիացրեց նա`հավելելով, որ կան «ուրիշ» շրջանակներ, որոնք այլ կերպ են մտածում եւ որոնք անհարիր են իրենց կուսակցական շրջանակներին:

Թե ովքե՞ր են այդ ուրիշները, Հակոբ Վարդիվառյանը չցանկացավ մանրամասնել, միայն ասաց, որ անհամաձայնությունները գաղափարական կամ քաղաքական չեն, բացառապես՝ աշխատանքի ձեւի եւ մոտեցումների: «Շատ վստահ եմ, որ մեր շարքերուն մեջ բանականությունը կգա ետ, որովհետեւ մենք ծայրահեղ հեղափոխական շարժումներ չենք, տրամաբանող կազմակերպություն մըն ենք եւ մենք կրնանք գալ եւ օգտակար ըլլալ հայ Սփյուռքին, հայրենիքին, մանավանդ այս օրերուն»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրումից ի վեր, իրենք «շվարած» վիճակում էին, քանի որ իրենց համար անակնկալ էր. «Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը`մենք չէինք սպասեր, որ գորբաչովյան վարդապետությունը փուլ պիտի գար եւ մենք ձեւով մը անկախ պիտի դառնայինք»:

ՌԱԿ-ի փլուզման գործում, ըստ Հակոբ Վարդիվառյանի, տխուր դեր խաղաց նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները ժամանակավրեպ կազմակերպություններ են:

Հիշեցնենք միայն, որ ժամանակին ՀՌԱԿ-ը բավական լղոզված քաղաքականություն էր վարում`մշտապես եւ բոլոր հարցերում պաշտպանելով տվյալ շրջանի իշխանությանը, ինչի պատճառով էլ կուսակցությունում խմորումներ սկսվեցին:

Ռամկավարների ներքին անհամաձայնությունների ֆոնին բավական ուշագրավ միջադեպ գրանցվեց համաժողովի հենց սկզբից. տեւական ժամանակ բարձրախոսները չէին կարողանում կարգավորել եւ համաժողովի մեկնարկային ողջույնի ելույթները հնչեցին առանց բարձրախոսների:

Ավելի ուշ ՌԱԿ ԱՄՆ կառույցի ներկայացուցիչ Վարդան Նազիրյանն այդ փաստը «սաբոտաժ» որակեց: Հայտնի է, որ Թեքեյան մշակութային կենտրոնը պատկանում է ՀՌԱԿ մի քանի անդամների: Պնդումներ կային, որ նախապես չեն ցանկացել այս դահլիճը տրամադրել այս միջոցառման համար:

Համաժողովը կընտրի լիազոր մարմին, որը կգործի մինչեւ վերջնական միավորումը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Տակաւին գոյութիւն ունին ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930