Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի եւ Արցախի սահմաններում լարված իրավիճակը, 4-օրյա պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրում ներդրումների եւ տուրիզմի վրա, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասաց, որ ներդրումների մասով որոշակի նվազում կանխատեսվում է, սակայն զբոսաշրջության մասով Կառլեն Խաչատրյանը հույս ունի, որ ռուսազգի զբոսաշրջիկների հոսք կլինի` հաշվի առնելով, թուրքական հանգստավայրերի բոյկոտը:
Տնտեսագետի խոսքերով, Ռուսաստանի քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի արտերկրի անձնագիր, հետեւաբար ներքին անձնագրերի հաշվին կարող են Հայաստան եւ ԵՏՄ մյուս երկրներ այցելել: Այն դիտարկմանը, թե Հայաստանը ներկայացրել է նման առաջարկ, սակայն ռուսական կողմը դեռ չի հաստատել, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ խնդիրը նրանում է, որ մեր տնտեսական շահերը Հայաստանն ավելի «ագրեսիվ պետք է ներկայացնի»:
Այն հարցին, թե ռազմական ծախսերի ավելացումը ինչ հետեւանք կարող է թողնել բյուջեի վրա, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ, եթե ռազմական ծախսերն ավելանան, դա կլինի բյուջեի մյուս ծախսերի հաշվին. «Բայց, բնականաբար, անվտանգության, պաշտպանական նկատառումներից ելնելով, դա կարող է արդարացված լինել»:
Կարդացեք նաև
Տնտեսագետը կարծում է, որ մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է բանակին ժամանակակից զենքերի հարցում օգտակար լինել: Ըստ նրա, այսօր ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում արտերկրի համար են պատվերներ կատարում. «Ռազմաարդյունաբերական ոլորտի վրա շեշտադրում կատարելիս հնարավոր կլինի նաեւ մեր երկրի ներուժն այդ ուղղությամբ ուղղել, մեր երկրի գիտական պոտենցիալն ուղղել մեր երկրի սպառազինության պահանջարկի բավարարմանը»:
Կառլեն Խաչատրյանը նաեւ ասաց, որ անուղղակի վնասները պատերազմից ավելի մեծ կարող են լինել, քան` ուղղակի: Ըստ նրա, հստակ քայլեր են պետք նախաձեռնել ու իրականացնել. «Արդյունաբերությանը, հատկապես` ռազմական արդյունաբերության զարգացմանը պետք է զարկ տալ, սփյուռքի տնտեսական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը, արտահանումը խթանելու համար պետք է մեր արտադրանքը մրցունակ լինի: Մենք 2016 թվականը շատ ավելի լավ մեկնարկային պայմաններով ենք սկսել, քան` 2015-ը, ու եթե այս զարգացումները չլինեին, հնարավոր կլիներ հասնել նախանշած 2,5 տոկոսանոց աճին: Իրավիճակը ծայրահեղ վատ չէ, նպատակային թիրախավորված տնտեսական քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի չեզոքացնել պատերազմի վնասները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ