Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրեցին «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնության անդամները:
Քաղաքացիները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն` բարերար Լեւոն Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատելու պահանջով նամակ հանձնելու նպատակով:
«Պահանջում ենք, որպեսզի ռուսական կողմն անաչառ դատավարություն իրականացնի: Հայրապետյանը առողջական ծանր խնդիրներ ունի եւ բանտախցում հերթով քնելը խնդիրներ է առաջացնում նրա համար: Այդ մասին մենք տեղեկացել ենք նրա ընտանիքի անդամներից: Հայրապետյանը քաղցկեղ եւ մի շարք այլ հիվանդություններ ունի, իսկ նման վիճակում մարդուն կալանավորելը հակաօրինական է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի նախաձեռնողներից` «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Ցուցարարներն իրենց ուղեկցող ոստիկաններին բարձրախոսով հայտարարեցին, որ ձվեր, քարեր եւ ճզմված լոլիկներ չեն նետելու դեսպանատան ուղղությամբ, պարզապես ուզում են իրենց ասելիքը բարձրաձայնել: Ապա հայտարարությունը վերածվեց խնդրանքի, սակայն ոստիկաններն անդրդվելի էին: Իրավապահները հավաքվածներին թույլ չտվեցին մոտենալ դեսպանատանը, եւ ցույցը շարունակվեց դեսպանատան դիմացի մայթին:
Այնուամենայնիվ, ոստիկանների ուղեկցությամբ ակցիայի մասնակիցների մեկը նամակը տարավ դեսպանատուն:
Քաղաքացիների համար դժգոհության առիթ հանդիսացավ նաեւ այն, որ նամակը վերցրած դեսպանատան ներկայացուցիչը չբացահայտեց ինքնությունը:
«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե առաջիկայում ՌԴ դեսպանատնից պատասխան-նամակ չստանան, կրկին բողոքի ակցիա կկազմակերպեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ