Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստին ելույթ ունեցավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Անդրադառնալով փախստականների և այլ հարցերին` Դավութօղլուն չմոռացավ նաև պաշտպանել բարեկամ Ադրբեջանին և հայտարարեց, թե իբր Հայաստանը, խախտելով հրադադարի ռեժիմը, ռազմական գործողություններ է սկսել:
Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե ներկայիս ստատուս քվոն այլևս անիրագործելի է: Այնուհետև նշեց, թե ժամանակն է, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի տարածքների «օկուպացիային» վերջ դնելու առումով:
Նա կարծիք հայտնեց, թե միջազգային հանրությունն ու Մինսկի խմբի համանախագահները պետք է դատապարտեն Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտման համար:
Կարդացեք նաև
Թուրքիայի վարչապետի ելույթից հետո ԵԽԽՎ որոշ պատվիրակներ պարոն Դավութօղլուին հիշեցրին Թուրքիայի համար ցավոտ մի քանի խնդիրներ` լրագրողների նկատմամբ հետապնդումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, ազգային փոքրամասնություններին` մասնավորապես քրդերին առնչվող խնդիրներ: Այնուհետև հարց բարձրացրին, թե այս չլուծված խնդիրներով հանդերձ Թուրքիան դեռ հավակնություննե՞ր ունի ԵՄ անդամ դառնալու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ