Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 346 հոդված, որոնցից 148-ը՝ հանրապետական, 198-ը` արտասահմանյան ամսագրերում, 76 զեկուցումների թեզիսներ, 5 մենագրություն, 2 գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 1 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 9 արտոնագիր:
Անցկացվել է 3 միջազգային գիտաժողով:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ ԳԱԱ 11 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:
Ժողովի ընթացքում 2015թ-ի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Թավադյանը: Այնուհետեւ ներկայացվեցին հետեւյալ գիտական զեկուցումները՝
• «Հետազոտություններ պիրիմիդինների եւ պոլիցիկլիկ ազահետերոցիկլերի սինթեզի բնագավառում», զեկուցող՝ ք.գ.թ. Ա.Ա. Հարությունյանը:
• «Ճառագայթային ազդեցության դեպքում էրիթրոցիտների չափերի փոփոխության դիֆուզիոն մեխանիզմների ֆիզիկաքիմիական հիմքերը», զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Հ.Պ.Սարգսյանը
• «Ջերմակարգավորիչ ծածկույթների ստացում միկրոալիքային եղանակով ZrO2 (ZnO)- SiO2-Me2O3 (Me-Y,La, Ce) համակարգերի հիմքով», զեկուցող՝ տ.գ.թ. Վ.Վ. Բաղրամյան:
ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն