«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին` ՀՀ իշխանությունից եւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից պահանջելով հետամուտ լինել Ռուսաստանում ձերբակալված հայազգի բարերար Լեւոն Հայրապետյանի գործի անաչառ քննությանը եւ պատասխանատվության կանչել ռուսական կողմին` նրա իրավունքները ոտնահարելու եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար:
Ցուցարարներն «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» գրությամբ պաստառներով շարժվեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ գերատեսչության ներկայացուցչին նամակ հանձնեցին:
Կարդացեք նաև
«Արտգործնախարարից պահանջում ենք արձագանքել հայազգի բարերարի հանդեպ կատարված անարդարություններին, օգտագործել իր լծակները` ռուս գործընկերների հետ այս խնդրի շուրջ կապ հաստատելու եւ աջակցելու համար: Պահանջում ենք փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը, որովհետեւ ակնհայտ է` գործը շինծու է: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ի սկզբանե սահմանվել էր տնային կալանքը, որը փոխվեց: Այսինքն, կամ իրենց դատական համակարգը չի աշխատում, կամ Լեւոն Հայրապետյանն անմեղ է: Հայրապետյանի` բանտախցում գտնվելը մեծապես վնասում է Արցախին: Նրա ձերբակալությունը կարծես մեջքից հարված է Արցախին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքով` Հայրապետյանը մշտապես աջակցել է Արցախին, եւ ՀՀ իշխանությունների կողմից նրա խնդիրն անուշադրության մատնելն անընդունելի է:
Ակցիայի մասին այլ մանրամասները` քիչ ուշ:
Լեւոն Հայրապետյանի քրեական գործի մասին` այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ