Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է վերլուծենք, հասկանանք մեր ռազմավարական սխալները». Լենա Նազարյան

Ապրիլ 19,2016 15:08

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր պատմեց նախօրեին Հրազդանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ արձանագրած խախտումների մասին:

«Ականատես եղանք քրեորեն պատժելի արարքների, եղան դեպքեր, երբ դիտորդներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելվում էր ծանոթանալ ցուցակներին: Երեկոյան ժամը ութից հետո լրագրողներին թույլ չէին տալիս տեղամաս մտնել»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա, իր թվարկած բոլոր խախտումների վերաբերյալ ոստիկանությունը համապատասխան գործողություններ պետք է անի՝ նյութեր պատրաստի, փոխանցի ՀՔԾ-ին:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց ժամանակ ընտրակաշառքների մասին միայն անանուն ահազանգեր էին լինում, Հրազդանի ընտրություններում ահազանգերը հստակ էին. «Կային մարդիկ, որոնք տեսախցիկների առաջ պատմում էին, որ ընտրակաշառք են տվել, երբ են տվել, ում ու ինչքան: Այս անգամ կաշառքի փաստն ապացուցված է»:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ Հրազդանում այնպիսի խախտումներ են եղել, որոնք հատուկ են Հայաստանի բոլոր ընտրություններին. «Նախկին ընտրություններին ինչ խախտումներ գրանցվել են, Հրազդանում շարունակել են լինել՝ ընտրակաշառքի մասին ահազանգեր, կուտակումներ, մարդկանց՝ ընտրատեղամաս տեղափոխելու ահազանգեր»:

Ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդունեց ընտրության արդյունքներն ու իր թեկնածուի՝ Սասուն Միքայելյանի պարտությունն՝ առանց բողոքարկելու, հարցին պատասխանեց կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը: Ըստ նրա, իրենց խնդիրն էր թույլ չտալ այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում կկորցնեն իրենց թեկնածուի օգտին ձայները. «Մեզ դա հաջողվել է, մենք համակարգել ենք հարյուր հոգանոց թիմ տեղամասերում: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Սասուն Միքայելյանին տված ոչ մի քվե չի կորել: Գոհ եմ մեր թիմի աշխատանքից այս առումով, այլ առումներով ունենք բացթողումներ ու պետք է վերլուծենք, հասկանանք մեր ռազմավարական սխալները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930