Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ դեբատների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղի ունեցած վերջին սրացումների վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեցին ԵԽԽՎ պատվիրակները:
Օրինակ` ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը (լուսանկարում) դատապարտեց Ադրբեջանի իշխանություններին և նախագահ Իլհամ Ալիևին: Նա խիստ մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական բանակը ռազմական հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանի հյուսիսային հատվածում, որի արդյունքում բազմաթիվ զոհեր են գրանցվել, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ:
Պատվիրակը դատապարտեց Ադրբեջանին հրադադարի ռեժիմի խախտման համար և անընդունելի համարեց այն բռնությունները, որոնք իրականացվել են ադրբեջանական բանակի կողմից: Միևնույն ժամանակ պարոն Ռոշբլուանը հայտարարեց. «Ի՞նչ կարող էինք սպասել Ալիևից ու նրա ռեժիմից, այն դեպքում, երբ նրա ղեկավարած երկրում բոլոր հնարավոր ձևերով ոտնահարվում է մամուլի և խոսքի ազատությունը: Ադրբեջանի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը»:
Պարոն Ռոշբլուանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը լուրջ դերակատարություն ունի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և սթափեցնելու հարցում:
Կարդացեք նաև
Նա կարևորեց բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը` շեշտելով, թե ցանկացած անձ, որը խաղաղություն է ուզում, չի կարող կասկածի տակ դնել այդ պետության օրինականությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ