Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է` 210 հոդված, որից 117-ը՝ արտասահմանում, 132 թեզիս, 2 մենագրություն, 1 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 4 արտոնագիր:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 11 ակադեմիկոս, 14 թղթակից անդամ և 30 արտասահմանյան անդամ:
Ժողովի ընթացքում 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Նա մասնավորապես ասաց. «Հունվարից գործող նոր գիտական կառույցը՝ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանց-Երեւան կենտրոնն Ազգային ժողովի որոշմամբ ստացել է միջազգային կազմակերպության պարգավիճակ (ICRANet-Հայաստան) եւ իրականացնում է հետազոտություններ տեսական, աստղամասնիկային ու բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառում»:
Ներկայացվեցին հետեւյալ գիտական զեկուցումները՝
· «Բլոխի վիճակները լույսի ծակոտկեն մետաղով անցման ժամանակ», զեկուցող՝ ֆ.-մ. գ.դ. ժ.Ս.Գևորգյան
· «Տարրական մասնիկների օպտիկա», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ռ. Մկրտչյան
· «Էպիտաքսիալ գրաֆենի նանոքիմիա և սիլիցիումի կարբիդի մակերևույթներն ու բաժանման սահմանները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Պատրիկ Սուքիասյան (Ֆրանսիա)
· «Ածխածնային կառուցվածքներում մետաղական նանոմասնիկների ստացումը և կիրառության ոլորտները», զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Ա.Ս. Մանուկյան
· «Բյուրականի Շմիդտի դասի արդիականացված դիտակով ստացված առաջին գիտական արդյունքները», զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Տ.Հ. Մովսիսյան:
ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, «Գալակտիկա» ՓԲԸ-ն և ICRANet-Հայաստան կենտրոնը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19.04.2016թ.