Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանն «ընկերաբար» է շփվում «Գրիբոյեդով» ակումբի անդամների հետ

Ապրիլ 19,2016 13:40
Hmayak Hovhannisyan

Թեեւ Կրեմլի քաղաքականության քարոզիչ, ռուս հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի հիմնադրած երեւանյան «Գրիբոյեդով» ակումբի կայքում  նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի անունը եւս կա, սակայն նա լրիվ այլ կարծիքի է այդ մասին: «Ասել, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը կարող է ինչ-որ վերազգային կազմակերպությունների անդամակցել՝ լուրջ չէ:

Եթե դուք նկատի ունեք իմ ընկերական ազդեցիկ շրջապատը Մոսկվայում, որտեղ ես գերազանցությամբ ավարտել եմ Մ.Լոմոնոսովի անվան պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և ասպիրանտուրան, պաշտպանել եմ գիտական թեզեր, 1994 – 1996 թթ աշխատել եմ ՝ որպես հրավիրված փորձագետ, ՌԴ ՊետԴումայի խորհրդին կից՝ Անդրկովկասի գծով գլխավոր փորձագետի պաշտոնում, 1995 թ նախապատրաստել եմ Դումայում խորհրդարանական լսումներ ղարաբաղյան կարգավորման թեմայով, մշակել եմ Դումայի կողմից միաձայն ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հայտնի բանաձևը, ապա ես դա հաստատում եմ: Հաստատում եմ նաև այն, որ եթե վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետականների ներկայիս վարչախումբը ծանր հարվածներ չհասցներ ինձ և ՀՔՄ-ին, ինձ անողոքաբար քարշ չտար դատարաններով, ապա ես կկարողանայի կենտրոնանալ իմ կապերը և հնարավորությունները Մոսկվայում ի նպաստ Արցախի օգտագործելու խնդրի վրա, ինչպես դա արել եմ 90-ական թվականներին: Իսկ հիմա ես ստիպված եմ իմ թանկարժեք ժամանակի առյուծի բաժինը վատնել անարդար, ռեկետի գործիքի վերածված դատարանների ու հարկադիր կատարողների հետ կռիվ տալով: Եթե դուք հայտնաբերեք մի նոր Գրիբոյեդովի, որը ինձ այդ գործում կօգնի, ես ձեզանից շատ շնորհակալ կլինեմ: Բայց, հավատացեք ինձ, պարսկական տիրակալի զոհերին փրկելն ավելի հեշտ գործ է, քան մեր քրեաօլիգարխիկ իշխանություններից եւ նրանց կամակատար դատարաններից քաղաքացուն ազատելը»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Երբ կրկին հիշեցրինք, որ իր անունը որպես անդամ «Գրիբոյեդով» ակումբի կայքում կա, Հովհաննիսյանը նեղսրտեց` մեզ մեղադրելով ստալինա-բերիական ավանդույթին տուրք տալու մեջ, նշելով, որ «ընկերներով պարբերաբար հավաքվելը» կազմակերպության անդամ լինել չէ: «Դուք նույնպես կարող եք ձեր ֆեյսբուքյան էջում կամ ձեր թերթի կայքում տեղադրել իմ լուսանկարը և գրել, որ ես պարբերաբար շփվում եմ ձեր էջի կամ թերթի հետ: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ես ձեր թերթի կամ էջի «անդամն եմ»: Անդամության ինստիտուտը վերաբերվում է գրանցված կազմակերպություններին, այլ ոչ թե ընկերական շփումներին»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա այդպես էլ չպատասխանեց այն հարցին՝ արդյոք, իր ձեւակերպմամբ, «ընկերներով հավաքվելիս» երբեւէ քննարկվել են Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կամ ասենք Արցախյան խնդրին վերաբերող հարցեր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sukias says:

    Էդ «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին» հայտնի բանաձևը քանի՞ «հայր» ունի, բա Չիլինգարովը, բա Զատուլինը: Դեռ Գորբաչովն էր առաջարկում դատապարտման մասին բանաձեւ: Հետո ընկեր Պուտինն եկավ ու դատապարտեց: Հետո, օգուտն ինչ: 1915 թիվը կրկնվելու հատկություն ունի, տարածքները հանձնելուն պես կզգանք դրա շունչը: Բարեպաշտ պարոնների «ցեղասպանական» շաղակրատանքի ներքո: Ենթադրում եմ, լավ վարձատրվող:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930