Ստամբուլահայ համայնքի շրջանում մեծ տարածում ունեցող «Ակօս» լրատվամիջոցի հոդվածագիր Վիգեն Չեթերյանը վերլուծել է 2016թ. ապրիլի սկզբում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալված քառօրյա պատերազմը։
Ներկայացնելով հակամարտության որոշ մանրամասներ՝ վերլուծականի հաջորդ հատվածներում հայազգի հոդվածագիրը խոսում է այն գործոնների մասին, որոնք հաշվի առնելով էլ Ադրբեջանի ղեկավարությունը զերծ մնաց ռազմական գործողություններն էլ ավելի զարգացնելու մտադրությունից։ Չեթերյանի կարծիքով, եթե Ադրբեջանը շարունակեր ռազմական գործողությունները, այդ երկրի համար արդյունքները շատ ավելի ծանր կլիներ և այդպիսի մեծաթիվ քանակությամբ սպանված ադրբեջանցիները կարող էին Բաքվում անհանգստությունների պատճառ դառնալ։
Հոդվածագիրը հիշեցնում է նաև, որ 1991թ. ի վեր Ադրբեջանում 3 նախագահ է հեռացել իշխանությունից՝ ռազմական ոլորտում պարտություններ կրելու հետևանքով։
Հայազգի հոդվածագիրը հիշեցնում է, որ կրակի դադարեցմանը նպաստեցին նաև միջազգային հանրության արձագանքները և պետությունների առաջնորդների կոչերը՝ կրակը անհապաղ դադարեցնելու մասին։
Կարդացեք նաև
Չեթերյանը, շարունակելով այդ թեման, գրում է. «Իհարկե չհաշված մեկին. Էրդողանը մինչև վերջ էլ շարունակեց հայտարարել, որ իրենք աջակցում են Ադրբեջանին։ Սակայն իրականում Թուրքիան որևէ ազդեցություն չունի այս հակամարտության վրա»։
«Ակօսի» հոդվածագիրը նշում է նաև, որ կարճատև պատերազմը Հայաստանում առաջ բերեց մեկ հարց՝ թե ինչու է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք վաճառում մեր թշնամուն և ի՞նչ կարևորություն ունի Ռուսաստանի հետ դաշնակից լինելը։
Չեթերյանը իր վերլուծականը ավարտում է մի կարևոր դիտարկմամբ, ըստ որի, Ալիևը համոզվեց, որ իր կարծիքը, թե Ադրբեջանը կարող է «կարճ և հերոսական» պատերազմի միջոցով գրավել Ղարաբաղը, ընդամենը մոլորություն է։