«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրվա առթիվ միջոցառումներ են իրականացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Այստեղ բացված «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցադրությունը պատմում է միջնադարյան հայ ճարտարապետության մեջ նռան և խաղողի խորհրդանշական ներկայության մասին:
Ցուցադրության կազմակերպիչներից մեկի՝ Էլմիրա Եսայանի խոսքով, խաղողի որթերի և նռենու պատկերները միջնադարյան հայ քանդակագործության մեջ լայն տարածում գտած ու սիրված նախշեր են, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայկական մշակույթում և ընկալվում որպես ազգային խորհրդանիշ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով և′ նուռը, և′ խաղողը կյանքի, հավերժության խորհրդանիշեր են, որոնք հանդիպում են նաև հնագիտական աղբյուրերում. «Բազմաթիվ արձանագրություններ կան կապված հատկապես խաղողի հետ: Օրինակ՝ Մհերի դռան արձանագրությունը խոսում է խաղողի այգի տնկելու, խաղող էտելու և բերքը հավաքելու մասին: Իսկ օրինակ` նռան թագ ունենալը արդեն թույլ էր տալիս այն համարել արքայական միրգ: Նուռը համարվել է հավերժության խորհրդանիշ, ուրարտական որմնանկարներում քրմերն ու առասպելական էակները նռան ծառից հավաքում են հավերժության և կյանքի պտուղն ու նրանից պատրաստված խմիչքը»:
Կարդացեք նաև
Ըստ Աշոտ Փիլիպոսյանի՝ նուռը և խաղողը դեռ հնուց պաշտամունքային ծառեր են եղել, երկու պտուղներն էլ խորհրդանշական ձևով շաղկապված են մեր ժողովրդի և պատմության հետ:
Ցուցադրության մեջ ընդգրկվել են ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր /25 գծագիր և 15 լուսանկար/, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած Ախթամարի ս. Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բ. Գասպարյանի տրամադրած նյութերը: Ըստ այդ աղբյուրների նռան ամենավաղ զարդաքանդակների հանդիպում ենք Քասախի բազիլիկ եկեղեցում (IV դ.), Աշտարակի Ծիրանավոր (V դ.), Թալինի Կաթողիկե եկեղեցիներում (VII դ.), Հաղպատավանքում (X դ.), Գեղարդի վանքում (XII դ.) և այլուր: Խաղողի և նռան զարդաքանդակները մեծ տարածում են ստացել VII դարում և իրենց կատարման արվեստով չկրկնվող կատարելության հասել Զվարթնոցի (VII դ.) տաճարի հարդարանքներում:
Միջոցառումն ամբողջացել է ռազմահայրենասիրական թեմայով համերգային ու պարային կատարումներով:
Նառա ԵՓՐԵՄՅԱՆ