ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և Բրյուսել այցելություններից և տարբեր քաղաքական գործիչների ու վերլուծական կենտրոնների հետ համագործակցելուց հետո կրկին անգամ հաստատվեց այն կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի Անկախության հաստատումը և Հայաստանի հետ վերամիավորումն անհրաժեշտ է իրականացնել անհապաղ և առանց ուշացման։ Ե՛վ եվրոպացի, և՛ ռուս վերլուծաբանները գտնում են, որ Արցախի Անկախության և Հայաստանի հետ վերամիավորման գործընթացը պետք է սկսել անմիջապես, առանց հետաձգման, քանի որ Մադրիդյան սկզբունքները այլևս չեն կարող գործել։
Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո խախտվել է Մադրիդյան սկզբունքների կարևորագույն կետը, առ այն, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի առանց ռազմական միջամտության։ Քառօրյա պատերազմից հետո այս կարևորագույն պոստուլատը չի պահպանվել։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը պահանջում է ՀՀ նախագահից կատարել համարժեք քայլ և կարճ ժամանակամիջոցում պատրաստել Արցախի միավորումը Հայաստանին։ Հասկանալի է, որ այդ քայլը ընդունելու և հավանություն տալու համար անհրաժեշտ է բարձր մակարդակի դիվանագիտական աշխատանքի իրականացում բարեկամ երկրների շրջանակներում։
ԵՀՄՖ-ն իր վրա է վերցնում նման աշխատանքների իրականացումը Եվրոպայի մի շարք երկրներում։ ԵՀՄՖ-ն նաև կոչ է անում նման լոբբիստական գործունեություն վարել Ռուսաստանի հայկական համայնքների կողմից Մոսկվայում։
Կարդացեք նաև
Ըստ դոկտոր Գրիգորյանի կարծիքի, Հայաստանը ուներ հիանալի առիթ պատերազմին հաջորդող օրերին անմիջապես սկսելու այդ գործընթացը, սակայն ամենայն հավանականությամբ պակասեց տարրական խիզախությունը այդ քայլին գնալու համար։ Պատմությունը միշտ չէ, որ տալիս է նման հնարավորություն և չի ներում դիվանագիտական կուրությունը։ Այսօր, քանի դեռ ժողովուրդը մի բռունցք է դարձել և ոտքի է կանգնել հայրենիքը պաշտպանելու համար, չպետք է սպասել այլ՝ առավել հարմար առիթի․այն կարող է շատ ուշանալ կամ ընդհանրապես չլինել։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամուլի հաղորդագրություն
Բրատիսլավա, Սլովակիա