Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև այն փաստը, որ Վեհաժողովը հունվարին ընդունել է բանաձև`Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցի հիման վրա:
Հենց այս հարցում է, որ Հայաստանի հասցեին քննադատություն է ամրագրված, ինչը, հիշեցնենք, Վեհաժողովից պահանջում էր Միլիցա Մարկովիչը:
Զեկույցում մեջբերված են Մարկովիչի հեղինակած բանաձեւի այն դրույթները, ըստ որի՝ հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ այս կառույցները դատապարտում են այն հիմնավորմամբ, որ նրանք չեն համագործակցել Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Փաստաթղթում, մասնավորապես արձանագրված է. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների և հանձնառությունների հետ: Այնպես որ, վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս և նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ