Անցյալ շաբաթ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) գագաթնաժողովն ավարտելով իր աշխատանքը՝ մի ծավալուն եւ խնդրահարույց կոմյունիկե ընդունեց, որի 16-րդ եւ 17-րդ կետերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ուշագրավն այն է, որ Հայաստանին հասցեագրված սպառնալից եւ մեղադրական բնույթի ձեւակերպումներում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այդ խմբի համանախագահները նույնիսկ չեն էլ հիշատակվում: Դրա հետ մեկտեղ, հայերը մեղադրվում են մզկիթների վրա իբր հարձակումներ գործելու, աղոթող հավատացյալ մուսուլմաններին սպանելու եւ այլ զարհուրելի բաների մեջ, ինչն, իհարկե, որեւէ կապ չունի իրականության հետ:
Բազմիցս է ասվել եւ կշարունակվի ասվել մի սկզբունքային բան. Ղարաբաղյան հարցը որեւէ կրոնական ենթատեքստ չունի, Հայաստանի Հանրապետությունը եւ հայերը որեւէ խնդիր չունեն եւ չեն կարող ունենալ մուսուլմանների եւ Իսլամի հետ, իսկ Ղարաբաղի խնդիրն Իսլամի հետ չունի որեւէ առնչություն:
Ասվելն ասվել է եւ կասվի, սակայն հարցը հետեւյալն է. Թուրքիան Ադրբեջանի հետ միասին, օգտագործելով Սաուդյան Արաբիայի՝ մուսուլմանների «գլխավոր պաշտպանի» ամբոխահաճո կեցվածքը, մշտապես կարողանում են ամեն մի հերթական OIC համաժողովին «երգել» նույն «երգը»:
Ոչ միայն նորություն չէ, այլեւ փաստ, որ հայերի եւ Հայաստանի հին եւ նոր խնդիրներն ագրեսիվ հարեւանների հետ որեւէ կերպ չեն անդրադարձել մուսուլմանական հասարակությունների եւ պետությունների հետ մեր ունեցած բարեկամական հարաբերությունների վրա: Ավելին, չնայած Ղարաբաղյան պատերազմին եւ հակամարտությանը՝ արաբական երկրներում, Իրանում հայերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն նույնպես չկա: Հայաստանում գործել եւ գործում են մի քանի մուսուլմանական երկրների դեսպանատներ, շարունակվում են հաստատված բարեկամական հարաբերությունները:
Կարդացեք նաև
Հետեւաբար, առաջին իսկ տպավորությամբ, այս խայտառակ կոմյունիկեի պատմության մեջ շատ մեծ է արհեստականության, հակասականության եւ պոպուլիզմի չափաբաժինը: Հայտնի դարձավ նաեւ, ինչպես իրանական աղբյուրներն են հայտնում, որ փետրվարին սաուդյան Ջիդդայում հավաքվել էին փորձագետներ, որոնք պետք է աշխատեին Ստամբուլի գագաթնաժողովի կոմյունիկեի վերջնական տեքստի վրա, եւ այդ հավաքին, օրինակ, իրանցի փորձագետներին ուղղակի մուտքի վիզա չէին տրամադրել: Այնուհետեւ գրել այն, ինչ գրել են, եւ ուղարկել Ստամբուլ՝ քարտուղարությանը: Չորս կետ էլ «նվիրել էին» Իրանին՝ նրան էլ բաժին հասցնելով մի շարք մեղադրանքներ՝ սկսած ահաբեկչությանը սատարելուց, վերջացրած մուսուլմանական երկրների ներքին գործերին միջամտությամբ: Դա էլ ստիպեց Իրանի պատվիրակությանը՝ նախագահ Ռուհանիի գլխավորությամբ, վաղաժամ լքել գագաթնաժողովը՝ հրաժարվելով նույնիսկ հրաժեշտի ընդհանուր սեղանից:
Այսինքն՝ մի կողմից, այդ կոմյունիկեն, այնուամենայնիվ, չի արտահայտում մուսուլմանական երկրների իրական տրամադրությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, սակայն մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ, ինչպես եւ մնացած ուղղություններում՝ մերկ է եւ բոբիկ, չունի ռազմավարություն, չունի անվտանգության համատեքստ: Իսկ սա արդեն սպառնալիք է:
Բացի Վրաստանից, մեր բոլոր հարեւանները մուսուլմանական պետություններ են, մուսուլմաններ են նաեւ Հյուսիսային Կովկասում, մուսուլմաններ են նաեւ քրդերը: Հետեւաբար մուսուլմանական սուբյեկտները կազմում են մեր անվտանգության անմիջական միջավայրը: Եվ մենք իրավունք չունենք մատների արանքով նայել Թուրքիայի եւ Ադրբեջանի փորձերին Հայաստանի եւ հայերի հետ ունեցած նրանց հին ու նոր խնդիրները «ծախելու» այլ մուսուլմանական երկրների վրա որպես միջկրոնական հակամարտություն՝ հայերին ներկայացնելով որպես իսլամաֆոբ, ինչն իրականում պարզապես հիմքերից զուրկ է, եւ հակակրանք սերմանել Հայաստանի եւ հայության նկատմամբ:
Այս հարցը, սակայն, բախվում է այն նույն չարչրկված խոչընդոտին: Հայկական արաբագիտությունը, իրանագիտությունը, թուրքագիտությունը, իսլամագիտությունը, ցավոք, չեն ուզում դուրս գալ սովետական պատկերացումների կաղապարներից, հաճախ հետապնդում են ոչ թե մեր՝ անկախ պետության պրակտիկ շահը՝ հիմնված ռազմավարական հաշվարկի եւ նախաձեռնության վրա, այլ քարոզչական նպատակներ: Եվ շատ հաճախ նույնիսկ այդ քարոզչությունը ոչ թե մեզ է սպասարկում, այլ Ռուսաստանին, որի հետ մեր շահերը, պատմական փորձը որեւէ կապ չունեն նաեւ այս ուղղությամբ, մեր պատկերացումների «առաստաղը» սահմանափակված է տեղի հայ համայնքների պատկերացումներով, իսկ Հայաստանի Հանրապետության շահը եւ այդ շահերի ռազմավարությունը ձեւակերպված չէ՝ ո՛չ Իրանի, ո՛չ Արաբական աշխարհի, ո՛չ Հյուսիսային Կովկասի, ո՛չ քրդական սուբյեկտների, ո՛չ էլ բազմամիլիոն մուսուլման հայերի հետ կապված:
Պետական մտածողության կատաստրոֆիկ պակասը, մտավոր ծուլությունը, ոչ ստանդարտ մտածողության նկատմամբ ունեցած վախը, «ակադեմիական» մտավոր տկարության՝ սովետական բորբոսը պատել է հայկական քաղաքական միտքը, եւ այս ֆոնին մեզ միշտ «կերակրելու են» այսպիսի փաստաթղթերով, այն հույսով, որ ջուրը կաթիլ առ կաթիլ մի օր քար է ծակելու, քանի խելքի չենք եկել…
…Եվ ընդհանրապես, այստեղ նույնպես մոռացե՛ք Ռուսաստանին: Այստեղ նա մեզ ոչ միայն չի կարող օգնել, այլեւ չպետք է թողնել, որ փչացնի եւ ապականի ամեն ինչ: Մեռնող կայսրության հետեւից չմեռնելու միակ երաշխիքը սեփական անվտանգության միջավայրը սեփական մտքով եւ ձեռքով կերտելու մեջ է: Եվ մուսուլման հարեւանների հետ մեր ներկա եւ ապագա համակեցության հարցի կենսական կարեւորությունը դժվար է գերագնահատել: Խիստ ուշագրավ է նաեւ, որ այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, կարծես, որեւէ կերպ չի էլ արտահայտվել եւ չի էլ փորձել միջամտել այդ կոմյունիկեի ընդունմանը: Եվ միամիտ կլինի սա զարմանալի համարելը: Ավելին, սա խիստ օրինաչափ է. Հայաստանը որքան շատ խնդիրներ ունենա, այդքան շատ Ռուսաստանը կստանա մեզ «փրկելու» առիթ եւ «պատճառ»:
Պատմության բերումով մենք հարուստ փորձ ունենք, հաջողված թե անհաջող, դեռ Արաբական Խալիֆաթի ժամանակներից, երբ արաբները հանրահաշիվ, քիմիա եւ լավագույն բժշկություն էին զարգացնում եւ Արիստոտել ու Պլուտարքոս թարգմանում… Եվ չպետք է շանս թողնել հայատյաց քարոզչությանը Իսլամի դրոշի ներքո: Չէ՞ որ Իսլամի պատվիրաններից կարեւորները համամարդկային արժեքների հետ միասին՝ պետական մակարդակով խախտել եւ խախտում են Ալիեւի եւ Էրդողանի ռեժիմները: Ուստի Իսլամի հետ խնդիր նրանք պետք է ունենան, այլ ոչ թե մենք:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.04.2016