Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգաստ», «հավսար», «ընտրություններ»

Ապրիլ 19,2016 08:25

Պատերազմը խաղաղություն է,

Ազատությունը ստրկություն է,

Տգիտությունը ուժ է:

Ջորջ Օրվել «1984»

 

Բաներ կան, որոնք չնկատելու համար կույր լինելը բավարար չէ, հարկավոր է նաև ապուշ լինել: Այս պնդումն առավել քան տեղին է, երբ խոսքը գնում է ընտրությունների մասին: Այն, ինչին հիմա անվանում են «ընտրություններ», հանգիստ կարելի է անվանել նաև կրիտիկական օրեր` և ֆունկցիան է համարժեք և ավելի բնութագրող է:

Ընտրությունները հայերիս վզին փաթաթվել են բավականին վերջերս` ճիշտ գենդերների և ապահով սեռական հարաբերությունների հետ միասին: Դա մի համակարգի պտուղ է, որի համար մենք ընդամենը քաղաքացիներ ենք (նաև գյուղացիները) և ոչ թե ազգ ու ոչ էլ` հայեր: Իսկ քաղաքացի կարող է լինել ով ասես: Մի՞թե կարող ենք հատուկ վերաբերմունք ակնկալել մի համակարգից, որը նախընտրում է մեզ «հասարակ-ություն» անվանել: Կամ ինչների՞ս է պետք մի համակարգ, որի «ընտրություն» կոչվածով լավագույն դեպքում «ընտրում» ենք նախագահ` մեկին, ով մինչև գահն է (նախ-ա-գահ) և ոչ թե գահին (գահակալ): Իսկ գահի մոտ խլվլտացողներ միշտ էլ կգտնվեն` առանձնապես կարևոր չէ նրանց ընտրելը:

Մասնակցելով ընտրություններին մենք ակամայից ընտրում ենք այս խեղկատակ համակարգը, որը կարող է վերարտադրել բացառապես կրկեսային ժանրի ներկայացուցիչների` այն էլ ոչ պրոֆեսիոնալ: Վաղուց արդեն իշխանություններին և քաղաքական ուժերին հումորով վերաբերվելու ժամանակն է: Եվ դա միակ եղանակն է դրանցից իրական օգուտ քաղելու` ասում են ծիծաղը «c» վիտամին է:

 

Հայկ Կիրակոսյան

Հայկ Կիրակոսյան

Ասածս ինչ է. առաջիկա ընտրություններին ես պատրաստվում եմ լեն ու բոլ ընտրակաշառք վերցնել, ավելին` ես արդեն աջ ու ձախ կոչ եմ անում այդպես վարվել նաև մյուս բոլոր հայրենակիցներիս: Ընտրական համակարգը շարքից հանելու երկու մեխանիզմ կա` ընտրություններին չմասնակցել և ընտրակաշառք վերցնել ու անձնագիրը կորցնելով ընտրություններին չմասնակցել:

Հայաստանը և հայ ժողովուրդը երբեք ոչ մի շոշափելի օգուտ չեն ստացել քաղաքական գործիչներից և նման հույս էլ չպիտի ունենան: Այս ազգին ամեն անգամ հաջորդ աստիճանին բարձրացրել են բացառապես ազգային գործիչները, որոնց հայրենասիրությունը չի թույլ տվել այլ կուսակցություն ունենալ, քան սեփական ազգն է: Հայկական հեքիաթներում թագավոր ընտրելու մի հրաշալի եղանակ կա. ղուշը բաց են թողնում և ում ուսին կամ գլխին իջնում է նրան էլ դնում են թագավոր: Հաշվի առնելով, որ սրանց ուսին անգամ վարժեցրած (լավ կուտ տված) ղուշը չի իջնի, կարող ենք հանգիստ անցնել երկրի ղեկավար ընտրելու այդ հին ու բարի եղանակին: Իհարկե, դա միակ տարբերակը չէ, կան նաև ավելի ոչ հեքիաթային եղանակներ: Այս փուլում, սակայն, իմ խնդիրը «ընտրական» համակարգը շարքից հանելն է:

Կարևոր է հասկանալ մի փաստ. որպեսզի ընտրությունները կեղծեն դրանք նախ և առաջ պետք է կայանան: Ստացվում է, որ անպատվությունը ոչ թե սեփական ձայնը վաճառելու, այլ այն մի կեղտոտ խաղի մեջ մտցնելու մեջ է, որին դեռևս միամտորեն անվանում ենք «ընտրություններ»:

Հայկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930