Օրերս խորհրդարանի մի խումբ պատգամավորներ մեկնել էին Արցախ, եղել մարտական դիրքերում` մեր զինվորների կողքին: Նրանց թվում էր նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։
-Պարոն Բաղդասարյան, կան հարցեր, որոնք այս օրերին դարձել են հասարակության մտահոգության հիմնական առարկան։ Ասվում է, թե, իբր, մեր բանակն անհրաժեշտ զենքով, տեխնիկայով ապահովված չէ, որոշ դիրքերում զինվորն անգամ անհրաժեշտ հագուստ չունի: Ձեր աչքով եք տեսել իրականությունը: Ի՞նչ կասեք տարածվող նման լուրերի մասին:
-Մենք եւս մինչ Արցախ մեկնելը ունեցել ենք որոշ մտահոգություններ, սակայն դրանք ամբողջովին փարատվեցին Արցախ մեկնելուց ու մեր պաշտպանական դիրքերում լինելուց հետո: Համոզվեցինք` այն, ինչ ասվում-խոսվում է, ընդամենը չարակամություն է:
Զարմանում եմ այն լրատվամիջոցների ու այն անձանց, նաեւ քաղաքական գործիչների վրա, որոնք կեղծ լուրեր են տարածում: Ցանկանում են այս փայլուն հաղթանակը ստվերել: Այն, ինչ ասվում է մեր բանակի ուժի, մեր ռազմատեխնիկայի իբր քիչ լինելու մասին` բամբասանքներ են:
Կարդացեք նաև
Կարծում եմ, դրանք ինչ-որ ակունքներից են սնվում ու նպատակ ունեն մեր ներքաղաքական իրավիճակը խաթարել: Զարմացել են մեր ազգի միասնության վրա, ցանկանում են խարխլել այն: Նմաններին կարելի էր շատ կոպիտ պատասխան տալ, բայց ես զերծ կմնամ դրանից ու բոլոր կասկածամիտներին ընդամենը կասեմ` նման լուրերը կեղծիք են, մենք ամեն ինչ ունենք, հայոց բանակը զենքի պակաս չունի:
Ադրբեջանը ցուցամոլի պես ցույց տվեց իր ունեցած-չունեցածը: Մենք չէինք կարող հավասարվել այդ ագրեսոր պետությանը, որի դեմ արդեն քննադատական սլաք է ուղղել միջազգային հանրությունը: Ի վերջո, սա նաեւ քաղաքականություն է, ու պետք է մեզ այնպես դրսեւորենք, որ հետագայում բանակցային սեղանի շուրջ հստակ ասելիք ունենանք:
Կրկնում եմ, նման հայտարարությունները մտացածին են: Իսկ իրականում մեր հնարավորությունները շատ մեծ են: Բազմիցս նշել ենք, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա դրա հետեւանքով մեր բանակն այնպիսի հարված կհասցնի թշնամուն, որ դա նրա համար կլինի կործանարար:
Մենք ուժեղ ենք ե՛ւ մեր սպայական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, ե՛ւ մեր զինվորների ամուր, հայրենասեր ոգով, բայց սրա հետ մեկտեղ նաեւ մեր տեխնիկական ու ռազմական հնարավորություններով:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում