Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցմահ ազատազրկման դատապարտվածին սկսել են Հիսուսի հետ համեմատել». Իզաբելլա Աբգարյան

Ապրիլ 18,2016 22:44

«Մհեր Ենոքյանի պաշտպանները պնդում են՝ Ենոքյանը երբեք իր մեղքը չի ընդունել, ամեն ինչ կառուցվել է  երկրորդ մարդասպանի խոսքերի հիման վրա: Մեր ձեռք բերած տեսանյութում հենց Մհեր Ենոքյանն է ձերբակալման առաջին օրը, երբ ոստիկանությունում պատասխանելով հարցին՝ ինչ եք արել, սառնասրտորեն հարցնում է՝ ինչպե՞ս, հարցը կրկնում են՝ ինչո՞ւ եք այստեղ, նույն սառնասրտությամբ կրկնում է՝ մարդ ենք սպանել: Այսինքն, դա ապացուցում է, որ Ենոքյանն ի սկզբանե ասել է՝ մարդ է սպանել: Նա չի ասել՝ ընկերս մարդ է  սպանել, իսկ ես պաշտպանում էի»,- ասաց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն իրեն զրպարտելու համար 2 միլիոն դրամ է պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանից, իսկ բլոգեր Իզաբելլա Աբգարյանից պահանջում է հերքել այդ գրառման տակ թողած իր մեկնաբանությունը՝ «կտրատված ու սպորտային պայուսակի մեջ լցրած տղայի մոր գիրքը թող կարդան»:

Մհեր Ենոքյանը պնդում է, որ 11.11 2015-ին  Նարեկ Մալյանն իրեն զրպարտել է ֆեյսբուքյան գրառմամբ, որն ավելի ուշ արտատպվել է մի քանի կայքերում: Նա ընթերցեց Նարեկ Մալյանի գրառումը. «Վալերի Պերմյակով, Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան տարբերություն չկա: Մենք ունիկալ ազգ ենք. Մարդկանց թվում է, որ իրենք կարող են ներել ուրիշին ոչ իրենց հարազատներին մորթած, քառատած մարդասպան ոճրագործներին: Սպանությունից քսան տարի անց թերթերում ընթերցվում են ոչ թե զոհերի այլ մարդասպանների մասին սրտաճմլիկ պատմությունները, զոհերն արդեն չկան… կարելի է նրանց արյունը համարել անկարեւոր։ Այսօր ավելի հուզիչ են ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը։ Մեռնողները մեր հարազատները չեն, ուստի կարելի է մարդասպաններին հերոսացնել։ 20 տարի անց մենք զինվորական համազգեստով հողին կհանձնենք ռուս հետախույզ Պերմյակովին։ Կարեւորը՝ 6 ամսական Սերյոժայի նկարները Ֆեյսբուքում տարածեցինք, դրանով ձեռք բերելով մարդասպանին ներելու եւ հերոսացնելու իրավունք… ու քանի մեզ խաբելն այդքան հեշտ է, դեռ շատ Բարաբբաներ ազատ կարձակվեն, եւ շատ Քրիստոսներ կխաչվեն»:

«Ընդամենը կոչ եմ արել մարդկանց կարդալ ոչ միայն Ենոքյանին, այլեւ սպանված Իոսիֆ Աղաջանովի մոր գիրքը, շփվել նաեւ այն կողմի հետ, իմանալ նրանց կարծիքը, քանի որ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում խիստ միակողմանի տեղեկատվություն էր գնում հօգուտ Մհեր Ենոքյանի՝ անտեսելով սպանվածի հարազատների կարծիքն ու նրանց ապրումները:

Հատուկ կազմակերպված արշավ է սկսվել. ուսումնասիրելով նաեւ, թե ովքեր են կազմակերպում ու տարածում ցանցերում այդ տեղեկությունները, փորձում են գործի վերանայմանը հասնել: Բայց պետք է հիասթափեցնեմ՝ սխալ ճանապարհ են բռնել, ու այդ կերպ նրանք ավելի շատ կարող են վրդովեցնել Աղաջանովին ճանաչողներին, նրա հարազատներին: Տարածողների հեղինակությունը ուժեղ կասկածի տակ է դրվում, եթե մեր ձեռքի տակ եղած տեսանյութը տարածվի, ակնհայտորեն բոլոր Ենոքյան անմեղ  քարոզիչները կհայտնվեն անհարմար վիճակում»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը:

Բլոգերի խոսքով, իր մեկնաբանությամբ նպատակ չի ունեցել զրպարտել Ենոքյանին. «Եթե ես ուզենայի որեւէ կերպ զրպարտել կամ Ենոքյանին վատություն անել, ես դա շատ վաղուց կանեի, քանի որ Աղաջանովի մայրը եղել է իմ երեխայի ուսուցչուհին, ու ես շատ լավ գիտեմ այդ պատմությունը: Պարզապես փորձում էի Աղաջանովի հարազատներին չցավեցնելու համար երբեք չբարձրացնել այդ թեման: Բայց երբ Մալյանը գրեց, չկարողացա չարձագանքել: Գուցե զրպարտություն կարող  է համարել մասնատման մասին իմ գրածը, որը լրատվականներից էի իմացել: Բայց մի բան է տարօրինակ, որ այդ նույն գրառումը, որը բաց էր քննարկումների ու մեկնաբանությունների համար ոչ Ենոքյանի կողմնակիցները ոչ նրա պաշտպանները հարկ չհամարեցին հենց տեղում ինձ ասել՝ Իզաբելլա, գիտես, այդպես չի եղել, նրանց կողմից գրառման հերքման պահանջ չեղավ: Միանգամից դատարան դիմեցին:

Ինչեւէ մենք պատրաստ ենք: Որպես բլոգեր, ապատեղեկատվությանը ես խիստ դեմ եմ, եթե պարզվի՝ ապատեղեկատվություն եմ գրել, պատրաստ եմ հերքել այն: Բայց հանրությանը վաղուց արդեն պետք է  իրականությունը մատուցել ու թույլ չտալ, որ մի քարոզչամեքենա, որը պարզ չէ, թե ինչ ֆինանսավորում ու դրդապատճառներ ունի, փորձի քրեական հանցագործներին սրբերի շարքին դասել, նրան նույնիսկ Հիսուսի հետ են համեմատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ Մելքումյան says:

    Իզաբելլա Աբգարյանն ասում է՝«հանրությանը վաղուց արդեն պետք է իրականությունը մատուցել», սակայն ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հետ միասին ապատեղեկացնում են հանրությանը։ Նրանք տարածքում են այն սուտը, թե իբր դիակը մասնատվել է և այլն։ Ի՞նչ նպատակ են հետապնդում սուտը տարածելով։ Ինչո՞ւ են վախենում արդար դատաքննության պահանջից։ Հանրության մոտ բազմաթիվ չպարզաբանված հարցեր կան այս գործի հետ կապված։ Ակնհայտ է, որ ժամանակին օբյեկտիվ քննություն չի իրականացվել, այլապես 20 տարի չէր խոսվի այս դեպքից։ Դատական սխալների զոհերը նույնպես տուժող կողմ են։ Կարծում եմ, որ Աղաջանովները նույնպես պետք է ցանկանային ճշմարտություն բացահայտում։ Տարօրինակ կերպով նրանք հենց դատավճռով իրենց որդու կոկորդը կտրող սպանող Արամ Հարությունյանին համարում են «խեղճ տղա» կամ ասում «նա մեր վրա լավ տպավորություն թողեց»։ Հանրությունը տեսնում է, որ ինչոր բան այն չէ այս գործով և ճշմարտությունն է ցանկանում իմանալ և սուտ՝իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելը, օրինակ, թե իբր դիակը մասնատվել է, էլ ավելի է բերում այն համոզման, որ արդար դատաքննության չի իրականացվել այս գործով և այն հարկավոր է վերաբացվել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930