Շիրակի մարզի Հառիճ գյուղի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հառիճեցիները, համախմբվելով, գումար են ուղարկել գյուղ, որպեսզի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը գյուղի անունից այն փոխանցի Արցախի ֆոնդին՝ զենք գնելու նպատակով: Գյուղապետն ասաց, որ հավաքված գումարն այս պահի դրությամբ 3 միլիոն դրամից ավել է, սակայն հստակ թիվ դեռ չի կարող նշել, քանի որ ամեն րոպե այն ավելանում է:
Հարցին, թե հիմնականում ո՞ր երկրում ապրող հառիճեցիներն են ուղարկել զենքի գումար, ՌԴ-ում ապրողնե՞րը, (Ռոլանդ Նազարեթյանը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ հառիճեցիները հիմնականում արտագաղթում են ՌԴ, գյուղապետն ասաց. «Ոչ միայն Ռուսաստանում բնակվող, այլ երկրագնդի որ ծայրում որ հառիճեցի կա, իր հնարավորության սահմաններում օգնել ու օգնում է հայրենիքին: Ցավոք, Հառիճի բնակիչները քյասիբ ժողովուրդ են, դրա համար էլ ես զանգահարեցի բոլոր նրանց, որոնք դրսում են բնակվում, նրանք էլ, լսելով Հայոց բանակի համար զենք գնելու մասին, միավորվեցին, մեծ ուրախությամբ օգնեցին, նրանց թվում մեծ գումարներ ուղարկողներ կան»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ