Լրահոս
Օրվա լրահոսը

Հառիճից ցուցադրաբար հեռացրեցին Նազարբաեւի նկարն ու նրա անունը կրող փողոցի ցուցանակները

Ապրիլ 18,2016 19:07

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչները, անչափ վրդովված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Էրդողանի հետ Թուրքիայում գրկախառնվելուց ու ձեռք ձեռքի տված լուսանկարվելուց, պոկել էին Նազարբաևի անվան փողոցի ցուցանակներից մեկը: Այսօր պարզեցինք, որ հանվել են մյուս երեք ցուցանակները եւս (Տես լուսանկարում):

Nazarbaev (1) Nazarbaev_poxoc-2 Nazarbaev_poxoc-3

Ավելին, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը. «Նազարբաևի անունը, նկարը բոլորը հանել ենք մասսայական կերպով,  ու սա պայմանավորված է Ղազախստանի նախագահի հակահայկական կեցվածքով. եթե նա հայտարարում է՝ հայերը մեր եղբայրներին են սպանում, ստացվում է մենք իր թշնամիներն են, այդ դեպքում ինչո՞ւ պիտի թշնամու անունը հիշատակվի մեր գյուղում: Մենք շուտ էինք ուզում հանել նրա անունը կրող ցուցանակները, չեմ ուզում անուններ տալ, բայց վերեւներից ասում էին՝ ձեռք չտաք մինչեւ թույլտվություն չտանք: Հիմա էլ ոչ մեկին էլ չեմ հարցրել, ինչ արձագանք կլինի, թող լինի, ինչ-որ եղավ, ես պարտավոր եմ հարցնել միայն իմ գյուղի բնակչությանը, իսկ Հառիճի բնակիչները պահանջում էին անհապաղ հեռացնել, սա համայնքի պահանջն էր»:

Գյուղապետն ասաց, որ մտադրվել են Հառիճավանք տանող փողոցի անունը անվանել կամ Արցախյան կամ Կոմիտասի, Ավետիք Իսահակյանի կամ էլ Գրիգոր Լուսավորչի փողոց: Նշենք, որ այս սուրբ վայրում կրթվել է Ավետիք Իսահակյանը, իսկ  Կոմիտասը, 1905 թվականին հիվանդանալով տենդով, եկել է Հառիճավանք ապաքինվելու ու այստեղ գրի է առել 34 նոր երգ: Նա Հառիճում է ձևավորվել առաջին մեծ երգչախումբը:

Գյուղապետն ասաց, որ այս չորս անունները կդնեն ավագանու քննարկմանը, ավագանին որ անունը որ հաստատեց:

Ի դեպ, այսօր գյուղի գրադարանից, որի շենքը հառիճցիների հետ համատեղ ուժերով վերանորոգել են ղազախները, Նազարբաեւի նկարը հեռացրել են լրագրողների ներկայությամբ, այդ պահը հավերժացրել են տեսախցիկները:

Հիշեցնենք, որ  Հառիճի բնակիչները ղազախների հետ սկսել են համագործակցել Արթիկի տարածաշրջանի նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի շնորհիվ, որի՝ Ղազախստանում բնակվող եղբայրը սերտ կապեր ունի Նազարբաևի հետ: Հառիճը, ըստ գյուղապետի, 1400-1947 թվականներին կոչվել է Ղփչաղ, ղազախներն էլ, ղփչաղցիներին համարելով իրենց ցեղակից, եկել, բարեկամացել են իրենց հետ, վերանորոգել են գյուղի մանկապարտեզը, գրադարան են բացել ու այսպես սկսվել է համագործակցությունը:

Գյուղապետը միշտ ակնկալում էր, որ Նազարբաևին մեծարելով, նրա անունը փողոցներում փակցնելով՝ ղազախներից գյուղի համար մի օգուտ կստանա, սակայն ի վերջո համոզվեց, որ Նազարբաեւի անունը լսելով՝ գյուղացիները միայն ի սրտե զայրանում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Մի առաջարկ անեմ գյուղապետին.Բան չունեմ ասելու Իսահակյանի կամ Մոնթեի անուններ համար, բայց թող քննարկեն նաեւ Արմենակ Ուրֆանյանի կամ մեր մյուս ջիգյարով երեխեքի անունները, ձեր ցավը տանեմ, կներեք էլի, սիրտս լցվում է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930