Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կազմում Արցախի լինելը ենթադրում է նոր 1915 թվական». Աշոտ Մելքոնյան

Ապրիլ 18,2016 19:21

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ համաշխարհային հանրությանը, կարծես թե, քիչ-քիչ բերում ենք այն համոզման, որ Ադրբեջանի կազմում Արցախի լինելը ենթադրում է նոր 1915 թվական:

«Մեր զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների վերջին վայրագությունները ևս վկայում են, որ Արցախի հայությունը կարող է ցեղասպանության ենթարկվել»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը վստահ է, որ Արցախի ճանաչումն է  հայության այդ հատվածի՝ ցեղասպանության չենթարկվելու երաշխիքը. «Տեսնում ենք՝ ինչպես են եվրոպական բարձր ատյաններից որոշ պատգամավորներ խոսում Արցախի անկախության մասին, տեսնում ենք՝ ինչպես են ԱՄՆ­ որոշ նահանգներ ճանաչում Արցախը: Վստահաբար կարող ենք ասել, որ բավականաչափ բան է փոխվում: Այդ ուղղությունը պետք է շարունակել և հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,- նշեց Ա. Մելքոնյանը:

Դառնալով ազատագրված տարածքներին՝ նա ընդգծեց, որ զիջում լինել չի կարող. «Մի թիզ հողի հանձնումը նշանակում է, որ թնդանոթները մոտենում են մեր բնակավայրերին և դրանք դարձնում խոցելի»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական վայրագ գործողությունները որպես հանցագործության փաստ միջազգային դատարան ներկայացնելու դիտարկումներին՝ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարծում է, որ այդ գործընթացը հեշտ չէ, բայց բոլոր հնարավորությունները փակված չեն:

«Պետք է փաստահավաք աշխատանք կատարվի, հայց պատրաստվի: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության համաձայն, դատարան կարող են դիմել վերջինիս անդամ երկրները: Հայաստանն ու Ադրբեջանը դատարանի անդամ երկրներ չեն: Իհարկե, դա չի նշանակում, որ ընդհանրապես իրավունք չունենք դիմելու: Կա այլ պրակտիկա, երբ գործը դատարան կարող է ուղարկել ՄԱԿ անվտանգության խորհուրդը»,­- եզրափակեց Արմեն Մարուքյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930