Ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության՝ առաջիկայում կարող են վերսկսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները վերսկսելու առաջարկը ստացվել է Մոսկվայից եւ այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:
Արդյոք պաշտոնական Մոսկվան փորձում է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի «ձեռքից» վերցնել եւ ինքն այս խնդիրը լուծել, որպես ապացույց այն բանի, որ Կովկասում հարց լուծողն ինքն է.
Aravot.am-ի այս հարցին ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ դա անհնարին է:
Կարդացեք նաև
Պարոն Կարապետյանի խոսքերով՝ «Հաշվի առնելով այն համագործակցությունը, որ կա Մինսկի համանախագահների եւ համանախագահող երկրների միջեւ, եւ այս փուլում կամ որեւէ փուլում համանախագահներից մեկի առանձնանալը, ես հնարավոր չեմ համարում»:
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման Ռուսաստանի նախաձեռնությանը, ՀԱԿ անդամը նկատեց. «Ոչ ոք չի հերքում այդ հանգամանքը: Գիտենք, որ Լավրովը գտնվում էր Բաքվում եւ հայտարարություններ էր արել: Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ: Իսկապես կան նախանշաններ, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական դերակատարություն ունի: Թե ինչ արդյունք կլինի, այս պահին դժվար է ասել, բայց այն, որ միջնորդությունը կա, եւ կա շահագրգռվածություն նաեւ կողմերի դիրքորոշումը մերձեցնել, դա կարող ենք հաստատել»:
ԼՂՀ-ի՝ բանակցային փուլին մասնակցելու մասին էլ պարոն Կարապետյանը նշեց. «Եթե ակտիվություն լինի բանակցային գործընթացում, կարծում եմ, պարտադիր պետք է Ղարաբաղն իր ծանրակշիռ դերակատարությունն ունենա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Հայաստանի նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները. «Տվյալ փուլում բանակցային գործընթացի կողմերը և Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները»:
Հայաստանի նախագահի խոսնակի տեղեկություններով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտակա օրերին այցելելու է Հայաստան․ «Դա լավ առիթ կլինի շարունակելու քննարկումները ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների, Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կատարած հանցագործությունների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումների շուրջ: Նաև՝ դիտարկելու բանակցային գործընթացի հեռանկարները, որի հիմնական էությունը, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է՝ իրացնելու սեփական ինքնորոշման իրավունքը»: