«Երբ ասվում է՝ մարդկանց չենք տանելու դեպի պարտություն, մենք մարդկանց տվել ենք հաղթելու հնարավորություն եւ պաշտպանել ենք մարդկանց տված ամեն քվե»,- ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենք չեն խոստացել հրազդանցիներին հաղթել ընտրություններում, այլ պարզապես ներկայացրել են իրենց ծրագիրը, իրենց թեկնածուին, իրենց պատկերացումները, եւ խոստացել են պահպանել քաղաքացիների քվեն, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, կատարել են:
«Քաղաքացին բոլոր դեպքերում հաղթել է, որովհետեւ իր ամեն ձայնը պահպանվել է: Մենք քաղաքացուն չենք տարել դեպի պարտություն, մենք ընտրություններում պարտվել ենք, քաղաքացին չի պարտվել, քաղաքացու տված որեւէ ձայն չի գողացվել, քաղաքացուն տված որեւէ խոստում չի անտեսվել եւ չի մոռացվել: Մենք ինչ պարտավորություն ստանձնել ենք հանրության առաջ այս ընտրություններում, մենք այդ պարտավորվածությունները հարյուր տոկոսով կատարել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երբ իրենք ասում են՝ քաղաքացիներին պարտության չտանել նկատի ունեն՝ քաղաքացիներին չտալ անիրական, հեքիաթային եւ ոչնչով չհիմնավորված խոստումներ եւ չիրականացնել դրանք. «Ես հիմա էլ ասում եմ՝ այն պահին, երբ կունենանք ինստիտուցիոնալ ընդդիմություն ամբողջ Հայաստանում եւ կունենանք քաղաքացիների քվե, հաջորդ պահին մենք կանենք իշխանափոխություն՝ ընտրություններով: Հայաստանում ոչ մի իշխանությունը Քաղաքացիական պայմանագրից ոչ մի հատիկ քվե չի կարող գողանալ, ես ձեզ պատասխանատու ասում եմ: Մենք սա ասում ենք, մենք սա ապացուցեցինք, եւ սա արդեն քաղաքական իրողություն է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ