Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառօրյա մարտերի ընթացքում հակառակորդի մի քանի դիվերսիոն-հետախուզական խմբերի են հետ շպրտել (Ֆոտոշարք)

Ապրիլ 18,2016 18:10

Ապրիլ ամիսը մեր ժողովուրդը դիմավորեց պատերազմով: Թշնամին Արցախի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողություններ սկսեց՝ օգտագործելով իր ռազմատեխնիկայի ողջ կարողությունը: Անսպասելի հարձակմանը զոհ դարձան դպրոցականներ ու ծերունիներ, մարտիրոսվեցին տասնյակ զինվորականներ՝ իրենց կյանքով անառիկ պահելով սահմանը Հայոց:

Հենց առաջին օրվանից Քաշաթաղի շրջանից հազարից ավելի կամավորներ ցանկություն հայտնեցին տեր կանգնել հայրենի սահմանին ու զորավիգ լինել առաջնագծի զինվորին: Այժմ էլ հարյուրավոր քաշաթաղցիներ սահմանում են:

Առաջնագծում այս օրերին կատարվող իրադարձություններին ծանոթանալու և դիրքապահ տղաներին սնունդ ու անհրաժեշտ պարագաներ հասցնելու նպատակով Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի, Մոշաթաղի համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանի, «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի կառույցի ղեկավար Վիլեն Սիմոնյանի և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Դավիթ Մուսայելյանի հետ ապրիլի 16-ին մեկնեցինք հանրապետության հյուսիսային պաշտպանական գոտի:

Զորամասում քաշաթաղցի կամավորականների մի խումբ զբաղված էր տնտեսական հարցերով՝ օգնելով զինվորականներին այս ծանր օրերին: Առաջին օրերի համեմատ արդեն կարգավորվել է զորամասի տարածքը, որը ենթարկվել էր ռմբակոծության և կրել որոշակի ավերածություն: Բարեբախտաբար այստեղ մարդկային զոհեր չեն եղել՝ շնորհիվ սպաների ճիշտ գործողությունների:

Հանդիպեցի տնտեսական մասում աշխատող քաշաթաղցի կամավորականներին. տղաներն այս օրերի ընթացքում մեծ աշխատանք են իրականացրել և դեռ անելիք ունեն: Շարքային Հայկ Ավետիսյանը նոր էր իջել առաջնագծից; Ասաց՝ իրենց հենակետում գիշերը հանգիստ է եղել: Մոտ 2 ամիս է մնացել, որ զորացրվի, սակայն դեռ անելիք ունի և մարտական ընկերների հետ հայրենի սահմանն է պաշտպանում:

Բարձրանում ենք առաջնագիծ: Հենակետերից մեկում վաշտի հրամանատար, մայոր Սամվել Սահակյանը տեղեկացրեց, որ գիշերը համեմատաբար եղել է հանգիստ, կրակոցներ քիչ են լսվել: Հրամանատարը ներկայացնում է բուժակ Դանիել Վարդանյանին: Շվեդիայի բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող սերժանտն արդեն 21 ամիս է, ինչ ծառայում է այս զորամասում: Արարատի մարզի Լուսաձոր գյուղից է. մարտական գործողությունների օրերին 7 վիրավորի է հանել մարտադաշտից, տվել առաջին բուժօգնությունը:

Գումարտակի հրամանատարը տեղեկացրեց, որ զոհեր չեն ունեցել, իսկ վիրավորներին հասցրել են դուրս հանել մարտադաշտից: Գումարտակի հենակետեր այցելելու համար մեզ ուղեկցում է կրտսեր սերժանտ Էրիկ Մովսիսյանը: Իջևանից է, արդեն 21 ամիս է՝ ծառայության մեջ է: Ապրիլի մեկին իր ջոկով բարձրացել են հենակետ, և շուտով սկսվել է ռմբակոծությունը: Ընթացքում պատմեց՝ ինչպես են դիմակայել թշնամուն, հասցրել մարդկային կորուստներ ու հետ շպրտել:

Այստեղ էին նաև սիսիանցի կամավորական մարտիկներ և բուժքույրը: Մշտապես աջակցել են ժամկետային զինծառայողներին, միասին պաշտպանել սահմանը: Ականանետային հենակետում շարքային Սևակ Գրիգորյանը (Ստեփանավանից է. 1 տարվա ծառայող) տեղեկացրեց, որ իրենց մարտկոցը մեծ վնաս է հասցրել թշնամուն:

Գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, ավագ-լեյտենանտ Գաբրիել Գաբրիելյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմ. ինստիտուտը և 3 տարի է՝ ինչ այստեղ է ծառայում: Մարտերի օրերին լավ են աշխատել, և թշնամին զգացել է՝ ովքեր են մեր հրետանավորները. կրել է մարդկային ու տեխնիկայի մեծ կորուստներ:

Հաջորդ հենակետում 2014-ի օգոստոսին 5 օրով հսկել եմ մարտական ընկերոջս՝ Զարզանդ Շահնազարյանի և ժամկետային զինծառայողների հետ: Նորից այստեղ եմ. Հայոց բանակի քաջարի զինվորների հետ են քաշաթաղցիներն ու սիսիանցիները: Հենակետի պատասխանատու, սերժանտ Գրիշա Խաչատրյանը Վարդենիսի Կարճաղբյուր գյուղից է: Ծառայությանը դեռ 8 ամիս կա: Ասաց՝ ամսի սկզբին իր ջոկով այստեղ է եղել, և սկսվել է մարտը: Դիմակայել են տղաները թուրքերի հարձակմանը: Տանկերից ու ականանետերից ռումբեր են թափել թուրքերը հենակետի վրա, և բարեբախտաբար զոհ չեն ունեցել:

Ավագ-լեյտենանտ Տարոն Հարությունյանին ճանաչում եմ դեռ 2014-ից: Քաջորդին մարտերի ընթացքում կարողացել է իր զինվորներին կազմակերպել և մեծ վնաս հասցնել թուրքին: Հենակետի ջոկի զինվորներից Իշխան Գրիգորյանն Արալեզ գյուղից է, մնացել է 50 օր, որ ավարտի ծառայությունը: Զինակից ընկերների՝ Սերգեյ Աբրահամյան (Արարատի մարզի Ազատավան գյուղից), Ավետիս Հովհաննիսյան՝ Այնթապից, Մասիս Ներսիսյանը՝ Գավառից, Խորեն Հարությունյանը՝ Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղից և այլոց հետ քառօրյա մարտերի ընթացքում ցույց են տվել հայ զինվորին հատուկ ոգի և այս օրերին ևս զգոն ու արիաբար առաջնագծում են: Տղաները գոհ են կամավորականների՝ այստեղ լինելուց, ավելի ապահով են իրենց զգում և ամենակարևորը՝ գիտակցում են՝ իրենք մենակ չեն մարտերի ընթացքում, որ հայ ժողովուրդն իր զինվորի թիկունքին է:

Քաշաթաղցի կամավորական Նվեր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս օրերին հերթապահություն են իրականացրել առաջնագծում, եղել են կրակոցներ, բայց իրենք ու ժամկետային զինծառայողները միասին են, և թույլ չեն տա թշնամին առաջ անցնի: Հենակետերից մեկում օրեր առաջ դիրքապահների հետ հսկում էինք: Սերժանտ Ալեքսեյ Օհանջանյանը տեղեկացրեց, որ բոլոր օրերին նույն իրավիճակն է եղել: Քաշաթաղցի կամավորականների՝ Անդրանիկի, Արմենի, Յուրայի, Գևորգի, Ռոբերտի Վոլոդյայի, Մուրադի և այլոց հետ զինվորներին են միացել նաև Ստեփանակերտից եկած ազատամարտիկները:

Հաջորդ վաշտի հենակետեր այցելելու համար մեզ ուղեկցում է վաշտի հրամանատար, կապիտան Վաչագան Մովսիսյանը (Ստեփանավանից): Ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը և 6 տարի է. ինչ առաջնագծում է: Լավ ծանոթ է տեղանքին և գիտի՝ որտեղից կարող է ներս սողոսկել թուրքը: Եվ քառօրյա մարտերի ընթացքում թշնամու մի քանի դիվերսիոն-հետախուզական խմբերի են հետ շպրտել, հասցրել մարդկային կորուստներ:

Ամենավտանգավոր հենակետերից մեկում քաշաթաղցի կամավորականները և ժամկետայինները դարձյալ միասին են հսկում: Այստեղ օրեր առաջ նահատակվեց Քաշաթաղի Աղավնատուն համայնքի բնակիչ, կամավորական, 4 զավակների հայր, 46-ամյա Համլետ Հաջոյանը: Մեր այցի ժամանակ էլ թշնամին սկսեց կրակել խոշոր տրամաչափի գնդացրով: Տղաների պատասխան-կրակից հետո թշնամին լռեց:

Թուրքական բնակավայրին մոտ է հաջորդ հենակետը: Հրադադարի տարիներին թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերին 2 անգամ հաջողվել է ներթափանցել այս հենակետ և սպանել մեր դիրքապահներին: Այս կապակցությամբ այստեղ փոքր խաչքար-հուշարձան է դրվել: Այժմ հենակետը հսկում են քաշաթաղցի կամավորականները:

Դիրքի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Գևորգյանն Աբովյան քաղաքից է, 8 ամիս է, ինչ այստեղ է, արդեն լավ գիտի տեղանքն ու հակառակորդին: Ասաց՝ ազատամարտիկների հետ ավելի վստահ են և հավելեց՝ մեր սահմանն ամուր ձեռքերում է, տղերքը պատրաստ են դիմակայել թշնամուն և տալ հակահարված, որը շատ ցավոտ է լինելու:

Հերթական հենակետում միայն քաշաթաղցիներ են, տղաները նաև ռմբակոծությունից ավերված խրամուղիներն են կարգի բերում, իսկ մի մասը հսկում է բարձր դիրքում: Վաշտերի ու դասակների է բաժանված խումբը: Վահե Դավթյանի հրահանգով մի մասը մնաց տեղում, մի մասը բարձրացավ վեր՝ հսկելու:

Ահարոն Գրիգորյանը վերջերս է վերադարձել բանակից, սակայն այս ծանր օրերին նորից իր համազգեստն է հագել՝ սերժանտի կոչումով և դիրքապահ է. գիտե անելիքը: 70-ամյա Խաչիկ Թադևոսյանը փոխգնդապետի ուսադիրներով է: Երիտասարդական ավյունով է դիրքեր եկել Արցախյան գոյամարտի ազատամարտիկը:

Դժվար է տղաների համար, բայց բոլորն էլ գիտակցում են՝ պետք է այստեղ լինել և անսասան պահել հայրենի տան դռները: Պետք է զորավիգ լինել բանակին, միասին վերացնել օրեր առաջ տեղի ունեցած մարտերի վնասները և պաշտպան կանգնել սահմանին:

zinvorner_Kelbajar_9 zinvorner_Kelbajar_8 zinvorner_Kelbajar_7 zinvorner_Kelbajar_6 zinvorner_Kelbajar_5 zinvorner_Kelbajar_3 zinvorner_Kelbajar_2 zinvorner_Kelbajar_1 zinvorner_Kelbajar_10

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930