Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ օգոստոսին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Մեհրաբ հանդամասում վայրի աճած թփերից առանց իրացնելու նպատակի, ապօրինի հավաքելու միջոցով ձեռք է բերել խոշոր չափերով` 86.11 գրամ կշռով մարիխուանա տեսակի թմրամիջոց և այն ապօրինի պահել Այգեձոր գյուղում գտնվող իր առանձնատանը:
Այնուհետև 2015թ.հոկտեմբերին նույն զանգվածից ապօրինի իրացրել է` իր առանձնատան բակում հյուրասիրել է ՌԴ քաղաքացիներ, եղբայրներ Արամ և Կարեն Ճաղարյաններին:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` մինչ դատաքննությունը սկսելը Գագիկ Գրիգորյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, վատառողջ է` 2015թ. նրա մոտ ախտորոշվել են սինուսային տախիառիթմիա, նեւրասթենիա, հեմոռագիկ էնտերոկոլիտ հիվանդությունները, ընդունում է մեղքը և անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, աջակցել է հանցագործության բացահայտմանն ու կամովին ներկայացրել հանցագործությամբ ձեռք բերված թմրանյութը:
Կարդացեք նաև
Ապրիլի 12-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրան դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով:
Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման 3 տարի .3 ամիս ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ