Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել». Լիլիթ Արզումանյան

Ապրիլ 18,2016 17:32

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում տարեկան մոտ 500 գիտական աշխատանքի պաշտպանություն է կազմակերպվում:

«Կարող է թվալ, որ 500-ը շատ է, բայց երբ դրանից հանում ենք նրանց, որոնք չգիտես ինչու են պաշտպանում (գուցե նաև բանակից ազատվելու համար), ինչպես նաև մոտ հարյուր իրանցու, մնում է 300-ը, որը բնավ էլ շատ չէ մեր բուհերում դասավանդելու համար»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լ. Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ԲՈՀ-ում շարունակական բարեփոխումներ են իրականացվում: Միայն վերջին երկու տարում երկու անգամ կանոնակարգային փոփոխություններ են արվել: Նպատակը մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը հնարավորինս մեծացնելն է. «230 աշխատանք է վերադարձվել խորհուրդ՝ կրկնաքննարկման: Միայն այս տարվա հունվարից մինչև այսօր 26 աշխատանք ենք վերադարձրել մասնագիտական խորհուրդներ, ինչը նշանակում է, որ թե՛ հայցորդները, թե՛ մասնագիտական խորհուրդները շատ թերություններ ունեն»,- նշեց նա:

Սակայն ԲՈՀ-ի նախագահի գնահատմամբ՝ կան նաև շատ լավ աշխատանքներ ներկայացնող ասպիրանտներ. «Այստեղ էլ խնդիրը նրանց մեր երկրում պահել կարողանալն է,- նկատեց նա.- շատ դեպքերում նրանց ծնողներն են գալիս վկայականը ստանալու, որովհետև այդ ժամանակ նրանք արդեն արտասահմանում են լինում»:

Լիլիթ Արզումանյանը վստահեցրեց նաև, որ իր՝ ԲՈՀ-ի նախագահ լինելու երեք տարիների ընթացքում որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել. «Լինում են դեպքեր, երբ մեզ հասնում են աշխատանքներ, որոնք ոչ թե պաշտպանողն է գրել, այլ մեկ ուրիշը: Մենք չենք կարող հետաքննություն անցկացնել, թե ով է գրել: ԲՈՀ կատարված աշխատանքն է գալիս, և մենք այդ աշխատանքն ենք գնահատում: Կարծում եմ, որ այստեղ անելիք ունեն մասնագիտական խորհուրդները, որոնք կարող են ատենախոսության հեղինակին հարցեր տալ ու պարզել՝ արդյոք նա՞ է գրել, թե՞ մեկ ուրիշը նրա փոխարեն»,- հավելեց ԲՈՀ-ի նախագահը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930