Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի-գաղտնի անտառներում կառուցապատելու որոշում է կայացվում (Տեսանյութ)

Ապրիլ 18,2016 16:54

Այս օրերին, երբ հասարակության ողջ ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի սահմանագծում տիրող իրավիճակն է, Ազգային ժողովում քննարկման են դրվելու «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց ընդունվելու դեպքում կթույլատրվի անտառներում կառուցապատում անել:

Բնապահպանների գնահատմամբ, պատահական չէ, որ հենց այս օրերին են փորձում նման նախագիծ անցկացնել, երբ քաղաքացիների ուշադրությունը շեղված է բնապահպանական խնդիրներից եւ հիմնականում բանակն ու այնտեղ տիրող խնդիրներն են:
Այս նախագծերն, ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի, հակաբնապահպանական են: Ըստ նրա, նախագծերի հիմնավորման մեջ բացակայում է փոփոխություններից բխող վտանգների եւ հետեւանքների գնահատականը:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Դանիելյանն ասաց, որ փոփոխությունները հակասում են անտառային օրենսգրքի հիմնական դրույթներին, կրում են անտառային տարածքների անհետացման վտանգ եւ դրանից բխող հետեւանքներ` հողերի էռոզիա, ջրային աղբյուրների կրճատում, կենսաբազմազանության եւ Կարմիր գրքում գրանցված տեսակների անհետացում, անտառային էկոհամակարգերի եւ հատուկ պահպանվող տարածքների ոչնչացում:

Կարինե Դանիելյանի խոսքերով, օրենքով հստակ չէ, թե ինչ տիպի կառուցապատում կարելի է իրականացնել եւ որտեղ. «Ասում են էկոլոգիական սահմանափակումները կառավարության որոշումով պիտի լինեն, բայց մենք գտնում ենք, որ սահմանափակումները պետք է արդեն օրենքում լինեն եւ այդ պատճառով կոչ եղավ հետ կանչել այդ նախագիծը եւ վերանայել»:

Բնապահպանների գնահատմամբ, առաջարկվող օրինագծերը նպաստում են պետական բնական ռեսուրսները մասնավորի ձեռքը տալու գործընթացին եւ խախտում են պետական «կանաչ» քաղաքականության եւ «կանաչ» տնտեսության համար բոլոր պայմանները, ինչը կարեւոր պայման է միջազգային «կանաչ» ներդրումների ստացման համար:

Նախաձեռնող խումբը պնդում է, որ տվյալ օրինագծերը չպետք է ընդգրկվեն ԱԺ օրակարգ եւ պետք է վերադարձվի կառավարություն` որպես Հայաստանի բնապահպանական քաղաքականությանը հակասող օրինագծեր:

Բնապահպանները կոչ են անում, ընդհանարապես անվավեր ճանաչել այդ օրինագծերը, հենց միայն այն հիմնավորմամբ, որ դրանք հակասում են Կլիմայի փոփոխության կառավարության ստանձնած պարտավորություններին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930